yerkirmedia.am – «Նոր Հալեպ»-` Աշտարակ քաղաքում: 4.8 հա զբաղեցնող ամայի այս տարածքում նոր թաղամաս է կառուցվելու՝ հատուկ սիրիահայերի համար: Ծրագիրը մշակվել է Սփյուռքի նախարարի առաջարկով, կառավարությունն էլ համապատասխան որոշում է ընդունել, կա նաեւ Աշտարակի ավագանու որոշումն` անհատույց սեփականության իրավունքով հողամաս նվիրաբերելու մասին:
“Արդեն 300 սիրիահայ հերթագրվել են բնակարանների համար: Մեր նպատակն է կառուցել 4 հարկանի, 2 մուտքով 10-15 շենք եւ հնարավորության դեպքում նաեւ մոտ 100 առանձնատուն”,- ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Սիրիայի ճգնաժամը համահայկական հարց է»,-կարծում է Սփյուռքի նախարարը: Հաշվի առնելով Սիրիայում զարգացող իրադարձությունները` նրա խոսքով, առաջիկայում սիրահայերի նոր հոսք է սպասվում Հայաստան, հետեւաբար, առաջնայինը նրանց աշխատանքով եւ բնակարանով ապահովելն է:

Նախարարության տվյալներով` այսօր Հայաստանում շուրջ 10 հազար սիրահայ է ապրում, նրանցից 1000-ն արդեն ունի մշտական աշխատանք, այդ թվում 36 հոգի արդեն սեփական բիզնես ունի, շուրջ 1000 սիրիահայ էլ անվճար բուժօգնություն է ստացել, եւս 2000-ը` անվճար կրթություն` սկսած մանկապարտեզից մինչեւ ԲՈՒՀ: Այժմ կարեւոր է նոր թաղամասի կառուցման հարցը. բնակավայրը հենց սիրիահայերն են ընտրել:

«Նոր Հալեպը» կառուցվելու է համատեղ ուժերով: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնին “Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանն արդեն նվիրաբերել է 100 հազար դոլար, ծրագրի իրականացմամբ հետաքրքրված են այլ գործարարներ եւս: 36 նկարիչներ նվիրաբերել են մեկական կտավ. վաճառքից ստացված գումարը եւս կներդրվի շինարարության մեջ: Բնակարան ձեռք բերելու գումարի մի մասն են միայն վճարելու սիրահայերը:

«Իսկ մինչ այդ, ամենասեղմ ժամկետներում` շուրջ 2 ամսվա ընթացքում, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցություն» ՀԿ-ն համատեղ բարեգործական հիմունքներով իրականացնում են բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքները: Այդ խմբում ընդգրկված են նաեւ սիրիահայ ճարտարապետներ:

Որպեսզի 2-րդ անգամ սիրահայերը չստանան փախստականի կարգավիճակ, Սփյուռքի նախարարությունը կոչ է անում համատեղ ուժերով իրականացնել այս ծրագիրը: Ամեն հայի աջակցություն կարող է նպաստել, որ սիրիահայերը վերջնականապես հաստատվեն Հայրենիքում: