panorama.am – Հունիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերիվարչությունից, Հրանուշ Հակոբյանը Ջոն Հեֆերնին ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացրած ծրագրերը: Մասնավորապես նախարարն անդրադարձավ կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Նախարարը նշեց, որ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու համար, սակայն ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ: Նա խնդրեց, որ դեսպանը խնդրո առարկան իրազեկ դարձնի ԱՄՆ-ի կառավարությանը այս ծրագրին օժանդակություն ցուցաբերելու, կարևոր և կենսական խնդիրների լուծմանն օժանդակելու համար:

Դեսպանը ողջունեց նախարարի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց ընդունելության համար: Ջոն Հեֆերնը նշեց, որ այն ինչ անում է ՀՀ կառավարությունը, կարևոր է: Նա հույս հայտնեց, որ իր երկիրը նույնպես կարձագանքի և կաջակցի ՀՀ կառավարության այս նախաձեռնությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր: