ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշնան սկզբին կդրվի սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի առաջին հիմնաքարը: Սրանում իր ներդրումն ունի Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Այս մասին հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Աշտարակ քաղաքի ավագանին նիստի ժամանակ տվել է իր համաձայնությունը` հայրենակիցների համար թաղամաս կառուցելու նպատակով 4,8 հա հողատարածք անվճար նվիրաբերելու վերաբերյալ: Կառավարության առաջարկով ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ջանքերով անվճար հիմունքներով պատրաստվել է թաղամասի նախագիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հրանուշ Հակոբյանը:

«Նոր Հալեպում» բնակարան ստանալու համար հերթագրվել է արդեն 300 սիրիահայ: Կլինի 4 հարկանի և 2 մուտք ունեցող 5-10 շենք և շուրջ 100 առանձնատներ: Սփյուռքի նախարարն ուրախությամբ նշեց, որ մեր հայրենակիցները մեծ ակտիվություն են ցուցաբերում այս թաղամասի նախագծին մասնակցելու և իրենց ներդրումն ունենալու հարցում: «Մենք Հայաստանում ունենք շուրջ 1 000 սիրիահայ, որոնց թիվն ամենայն հավանականությամբ կավելանա, քանի որ Հալեպում լարված իրավիճակը շարունակվում է: Մենք նաև Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների հետ հեռախոսային շփման արդյունքում հայտնաբերել ենք, որ ցանկություն կա նաև այնտեղից հերթագրվել` նորակառույց տուն ձեռք բերելու նպատակով»,- ասաց նախարարը:

Նա վստահեցնում է, որ հայաստանցիներիս պարտքն է օգնել սիրիահայերին` մնալ Հայաստանում, ինչի համար պետք է լուծել երկու խնդիր` աշխատանքի ու բնակարանի: «Բնակարանաշինության այս ծրագիրը միայն Աշտարակով չի ավարտվելու, այն շարունակական է լինելու: Իսկ Աշտարակում իրականացնելու նպատակով պետք է արդեն մրցույթ հայտարարել` շինարարական աշխատանքները սկսելու համար»,- կարևորեց Հակոբյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը նշեց, որ իրենք մեծ սիրով են տրամադրել այդ հողատարածքը, որտեղ պետք է կառուցվի սիրիական «Նոր Հալեպ» թաղամասը: Նրա կարծիքով` Աշտարակում թաղամասի կառուցումը կնպաստի քաղաքի զարգացմանը»,- շեշտեց քաղաքապետը:

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանն էլ նշեց, որ արվելու է ամեն ինչ թաղամասը սեյսմակայուն, ժամանակակից նյութերով ու կառուցվածքներով, որակյալ ու ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցելու համար: «Այժմ նախարարությունը քննարկում է կառուցումից հետո սիրիահայերին բնակարան տրամադրելու կարգը: Այն կհաստատվի մի քանի ամիս անց»,- տեղեկացրեց նախարարի տեղակալը:

Բնակություն հաստատելու նպատակով Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն աճել է: Վերջին շրջանում ցամաքային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել ամսական շուրջ 350-400 սիրիահայ: Այժմ մեր երկրում ապրում է 9,5-10 հազար սիրիահայ, որոնցից հազարն արդեն աշխատանք ունեն: Տարբեր գերատեսչությունների աջակցությամբ աշխատանքի են ընդունվել շուրջ 800 սիրիահայեր, որոնք էլ իրենց 200 հարազատներին ու մտերիմներիին աջակցել են աշխատանքի ընդունվելու հարցում: