panorama.am – Ոսկերչություն, մանկական հագուստ, հասարակական սնունդ, սննդամթերքի արտադրություն, հաստոցաշինություն, տաքսի ծառայություններ, կահույքագործություն… Սրանք այն հիմնական ոլորտներն են, որտեղ աշխատանք են գտել կամ գործ սկսել Սիրիայից հարկադրաբար Հայաստան եկած հայերը:
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Մուրադյանի` Panorama.am-ին ներկայացրած տվյալների համաձայն, սիրիահայերը Հայաստանում հիմնել են 31 նոր բիզնես, որի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 137 մլն դրամ:
«Ֆինանսավորվել են 18 գործարար ծրագրեր` 82 մլն դրամ արժողությամբ, ֆինանսավորվում են 8 գործարար ծրագրեր` 35 մլն դրամ, նոր հաստատվել են 5 ծրագրեր` 20 մլն դրամ»,-մանրամասնեցին ՓՄՁ ԶԱԿ-ից:
Կենտրոնից վստահեցնում են, որ սիրիահայերին վարկեր տրամադրվում են հատուկ պայմաններով` մինչև 5 մլն դրամ, 5 տարի մարման ժամկետով, տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով:
Կենտրոնը բիզնես սկսող սիրիահայերի համար հարկային ու մաքսային օրենսդրությանը նվիրված սեմինարներ է անցկացնում:
«Հիմնականում ընկերության գրանցման, փաստաթղթերի ձևակերպման հարցերով են դիմում»,-ասաց Մուրադյանը:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, որ այս պահին հաջողության հասած սիրիահայերի մասին խոսել չի կարող, քիչ ժամանակ է անցել, սակայն լահմաջոյի պատրաստմամբ զբաղվող երկու սիրիահայ բավականին հաջողություններ են ունեցել իրենց հիմնած գործում:
«Շատ արագ հաջողության հասնելը մի քիչ դժվար է: Երևանում սիրիահայերի հիմնած երկու լահմաջոյանոց կա: Իրենք բավականին գոհ են արդյունքներից»,-ասաց սփյուռքի նախկին փոխնախարարը:
Հիմնադրամին դիմած 250 սիրիահայերի 90 տոկոսն աշխատանք է փնտրում, մոտ 5 տոկոսը գործ հիմնելու, մյուսները կրթության ու այլ հարցերով: Հիմնադրամը հիմնականում նրանց ուղարկում է ՓՄՁ ԶԱԿ: Հիմնադրամում արդեն գործ հիմնած սիրիահայերին սովորեցնում են, թե ինչպես պետք է գովազդել իրենց արտադրանքը:
Մարաշլյանի խոսքով, Հայաստանում բիզնես սկսած սիրիահայերը հիմնականում բողոքում են հարկերից:
«Իրենց մոտ փոքր և միջին բիզնեսը քիչ է հարկվում: Շատ անգամ իրենք հաշվետվություն չեն էլ վարում: Դրա համար մեր համակարգը իրնց համար մի քիչ պրոբլեմատիկ է»,-ասաց Մարաշլյանը: