panorama.am – Սփյուռքի նախարարությունում այսօր կայացել է սիրիահայ երեխաների հոգեբանական-սոցիալական աջակցության ուղղությամբ համագործակցության մասին ՀՀ սփյուռքի նախարարության և միջազգային կազմակերպությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հուշագրի ստորագրմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը, «World vision» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աիդա Առաքելյանը, «Save the children international» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

«Շնորհակալ եմ միջազգային կառույցներին, որ փորձում են օգնել սիրիահայ երեխաներին: Ուրախ եմ, որ բոլոր հարցադրումները փոխհամաձայնեցնում եք սիրիահայերի կենտրոնի հետ»,-ասել է նախարարը:

Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում շարունակվելու է համագործակցությունը՝ սիրիահայ երեխաների նախադպրոցական կրթության ծրագրի մշակման ու իրականացման, Կիլիկյան վարժարանի 20 սիրիահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ծրագրի, սիրիահայ դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման և այլ համատեղ միջոցառումներում: