ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքից Հայաստան տեղափոխված Ալինա Տեր-Դավիթյանն ընտանիքի անդամների հետ Երևանում ապրում է շուրջ 6 ամիս: Ալինան դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն մասնագիտություն չի ստացել, սակայն փորձել է անձեռոցիկից պատկերներ ստանալ և փակցնել թափանցիկ սպասքի վրա: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ալինան, առաջին աշխատանքն արել է սիրողական մակարդակով` իր իսկ օգտագործման համար: «Ընկերներս ինձ քաջալերեցին ու խորհուրդ տվեցին զբաղվել այդ գործով և ավելի պրոֆեսիոնալ մոտենալ դրան: Ես էլ սկսեցի ավելի լավ նյութեր ու անձեռոցիկներ գնել և զբաղվել դրանով: Արդեն 11 տարի է` զբաղվում եմ այս գործով և մեծ հաճույք եմ ստանում դրանից: Նույնիսկ աղջիկս է արդեն ինչ-որ չափով օգնում ինձ»,- ասաց Ալինան:
Երեւանում հաստատվելուց հետո Ալինան եւս մեծ ջանասիրությամբ զբաղվում է նախընտրած գործով: Բոլոր աշխատանքները կատարվում են թափանցիկ սպասքի վրա` ծաղկամանների, ափսեների, բաժակների: Ալինան ներկում է սպասքը ցանկացած գույնով, որից հետո այն պատում է հատուկ ավազանման նյութով: Այնուհետև փակցնում է որակյալ անձեռոցիկներից կտրված պատկերներն ու անցկացնում հատուկ ջերմային ռեժիմով` ավելի որակյալ պատկերներ ստանալու համար: «Ջերմային ռեժիմով անցկացնելուց հետո սպասքը հանգիստ կարելի է լվանալ. այն ոչինչ չի լինի: Նույնիսկ երկարատև օգտագործումից հետո սպասքը կարծես նոր լինի»,- նշեց Ալինան` ավելացնելով, որ իր ձեռքի աշխատանքները Հայաստանում արդեն 3 անգամ մասնակցել են ցուցահանդես-վաճառքի:
Հայաստանում Ալինան իր աշխատանքներն ավելի փոքր կտորներից է պատրաստում, քանի որ մեծ ծաղկամաններն ու տարաներն ավելի թանկ արժեն, ու այստեց դրանց վաճառքը փոքր-ինչ դժվար է: «Ամենալավը վաճառվել են Սուրբ Զատիկի պատկերներով խորհրդանշական տարաները: Դրանք նախատեսված էին մոմերի, ներկած ձվերի ու այլ զարդարանքների համար, որոնց վրա փակցրել եմ նկարներ ավանդական զատիկից, ձվերից, նապաստակից»,-ասաց նա:
Հալեպում Ալինայի աշխատանքներն ավելի ծավալուն էին. նա արդեն ուներ բազմաթիվ լուսանկարների մի ամբողջ հավաքածու, որոնք որպես նմուշ հետաքրքրում էին հաճախորդներին: «Հալեպում ավելի ակտիվ էի գործում, քանի որ այն մեծ քաղաք է ու վաճառքը շատ է: Բացի դրանից` երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ այս գործով, և արդեն ունեմ բազմաթիվ նյութեր ու անձեռոցիկներ: Ցավոք, չկարողացա բոլորը Հայաստան տեղափոխել` աշխատանքս այստեղ էլ ավելի ընդլայնելու համար»,- ափսոսանքով նշեց Ալինան:
Ալինա Տեր-Դավիթյանը երկու երեխաների մայր է: Ունի մեկ տղա և մեկ աղջիկ, ովքեր հաճախում են Երևանում սիրիահայ երեխաների համար բացված «Կիլիկյան» վարժարան: Նա պատմեց, որ երեխաները շատ են սիրում Հայաստանն ու ցանկություն ունեն մշտապես հաստատվել այստեղ: «Դեռ այնպիսի վիճակ է, որ չենք կարողանաում հասկանալ, թե որն է ավելի ճիշտ: Մենք այստեղ չունենք բնակարան և վարձով ենք ապրում: Բացի դրանից` մեր հարազատները բոլորն այնտեղ են` Հալեպում»,- ասաց նա` նշելով, որ ժամանակը ցույց կտա իրենց ապագան:
Ալինան հայկական խոհանոցում ամենաշատը հավանել է հաճարով փլավը, որն առաջին անգամ Երեւանում է կերել: «Հալեպում այդպիսի հատիկեղեն չկա, մենք ունենք ֆրիքե, որը մասամբ նման է դրան, որը եւս շատ համեղ է: Այստեղ շատ ճաշատեսակներ կան, որոնք շատ ենք սիրում, սակայն ամեն ինչ պատրաստում ենք Սիրիայից կամ Լիբանանից բերված արևելյան համեմունքներով»,- նշեց նա:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը կներկայացնի վերջին ներքաղաքական դեպքերի պատճառով երկիրը լքած ու Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցների հաջողության պատմությունը: Հայաստանում այժմ բնակվում է շուրջ 6 հազար սիրիահայ: Աշխատանքի համար Սփյուռքի նախարարություն է դիմել 600 սիրիահայ, նրանցից նախարարության անմիջական աջակցությամբ աշխատանքի է ընդունվել շուրջ 200-ը: Մի քանի տասնյակ սիրիահայեր աշխատանքի են տեղավորվել տարբեր ծրագրերով:
Պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը
Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի