ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպահայության մի շարք կենցաղային խնդիրները վերջին շրջանում առավել են սրվել հայաբնակ շրջաններից ոչ հեռու տեղի ունեցած բախումների պատճառով: Պատերազմական Սիրիայի և այնտեղի հայության վիճակի մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Ազատ-Հայ» Միջին Արեւելքի հայության կայքի խմբագիր Հրաչ Քալսահակյանը: «Վերջին շրջանում տեղի ունեցան մասնակի կռիվներ հայաբնակ շրջաններից ոչ շատ հեռու գտնվող Սուլեյման Հալաբի շրջանում, որի հետևանքով ջրամատակարամամբ զբաղվող ընկերությունը ծանր վնասներ կրեց, և Հալեպը մնաց առանց ջրամատակարարման: Էլեկտրականության մատակարարումն էլ գոհացուցիչ չէ: Բախտավություն է, եթե օրական երկու-երեք ժամ լույս են ունենում»,-նշեց նա: Քալսահակյանն այս վիճակի լուծումը տեսնում է նրանում, որ հարկադիր կողմերն անհապաղ համաձայնեն կենցաղային նշանակություն ունեցող հաստատությունները հակամարտության գոտուց հանելու ուղղությամբ: Նա նաև ավելացրեց, որ Հալեպի շոգ օրերը կարող են էլ ավելի անտանելի դարձնել այնտեղի բնակչության կյանքը:
Հրաչ Քալսահակյանի խոսքերով` Սիրիայում տիրող պատերազմական վիճակը կշարունակվի, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ բանակցությունների սեղանին նստել. կողմերը միմյանց չեն ընդունում որպես բանակցության լիիրավ անդամ: «Թեև նշվում է Սիրիայում անցումային կառավարություն կազմելու Ժնևյան համաձայնության անհրաժեշտությունը, բայց ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն գալիս համաձայնության այդ հարցի շուրջ: Մասնավորապես, թե ինչ դերակատարում պետք է ստանձնի նախագահ Ասադն անցումային կառավարության դեպքում և որքան քաղաքական ազդեցություն պետք է վայելի»,-ասաց Հրաչ Քալսահակյանը:
Ներկայացնելով Սիրիայում տիրող տրամադրությունները` Հրաչ Քալսահակյանը նշեց, որ կառավարական զորքերը, Ալ Քուսէյր քաղաքում տարած հաջողություններից ոգևորված, փորձում են օգտվել իրավիճակից ու ամբողջովին ազատագրել նաեւ Հալեպ քաղաքը, որի վերագրավումն այնքան էլ դյուրին չէ, քանի որ թուրք-սիրիական սահմանագիծը գտնվում է ընդդիմադիրների հսկողության ներքո: Դժվար չէ կռահել, որ իրավիճակն ավելի կբարդանա, եթե ընդդիմադիրները ստանան ռազմական օգնություն: Եթե նույնիսկ մինչ այս ընդդիմադիրներին աջակից պետությունները միանշանակ համաձայնության չգան զենքեր մատակարարելու առնչությամբ, խոսակցություններ կան, որ Սաուդյան Արաբիան և Քաթարը այդ ուղղությամբ առավել անմիջական քայերի են պատրաստվում դիմել: Որոշ լուրերի համաձայն` «Ազատ բանակայինները» զորավարժություններ են անցկացնում Թուրքիայում և Հորդանանում: «Արևմտյան երկրները թեև նախընտրում են Ասադի հեռացումը, բայց վախ ունեն, որ դա կարող է երկիրը կանգնեցնել քաոսային իրավիճակի մատնվելու վտանգի առջև, ինչից մեծապես կտուժեն պետական կառույցներն ու սպասարկող ծառայությունները, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքում»,-նշեց Քալսահակայանը:
Խոսելով սիրիահայության խնդիրների մասին` նա նշեց, որ հայ բնակչության թիվը նվազել է` մոտ 40 հազար հայությունից մնացել է 25 հազարը: «Հայկական թաղամասերը գտնվում են պետական զորքերի հսկողության տակ: Ավանդական կուսակցությունների հովանու ներքո գործող ոչ զինյալ կամավորները կազմակերպում են օգնության բաշխումը և հետևում են հայկական փողոցներում անվտանգության ու կենցաղային հարցերին: Ներքին միջոցները գրեթե սպառված են»,-ասաց Հրաչ Քալսահակյանը: Հայկական կողմը պաշտոնապես պահպանում է չեզոք դիրքորոշում Սիրիայի դեպքերի առնչությամբ:
ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013 թ. ապրիլ մահացել է մոտ 100 հազար մարդ: Սիրայում ներքին գաղթականների թիվը 4.5 միլիոն է, իսկ մոտակա երկրներում փախստականները 1.5 միլիոն են: Հայաստանում պատերազմի հետևանքում Սիրիայից վերաբնակեցվածների թիվը կազմում է մոտավորապես 6000: