yerkirmedia.am – Հունիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:
Նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ ս.թ. հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան – Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչի հետեւանքով տաքսի ավտոմեքենայի 68-ամյա վարորդն ու 3-ամյա ուղեւորը տեղում մահացել են:
Ստացված տեղեկատվության համաձայն, միկրոավտոբուսում եղել է 9 անձ, որոնց թվում՝ ՀՀ քաղաքացիներ:
Միկրոավտոբուսի տուժածներից ՀՀ քաղաքացի Տիլա Պապիկյանը (ծնվ.1991 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ս.թ. հունիսի 16-ին տեղափոխվել է Երևանի “Էրեբունի” բժշկական կենտրոն, իսկ մնացած տուժածներին Թուրքիայի Հանրապետությունում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Ի դեպ, նշենք որ վթարված միկրոավտոբուսն ունի հայկական համարանիշեր, իսկ վարորդն Իրաքի քաղաքացի Արա Էդուարդ Հովսեփյանն է։ Վերջինս կալանավորված է։