tert.am – Գիշերը Սիրիայի Հալեպ քաղաքի ողջ տարածքում, այդ թվում՝ հայաշատ թաղամասերի մոտակայքում, թեժ մարտեր են ընթացել

Ինչպես Tert.am-ին տեղեկացրին Հալեպի աղբյուրները, քաղաքում ողջ գիշեր պայթյունների ձայներ են լսվել։ Մինչև լուսադեմ ավելի քան 30 ական է պայթել, և իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է միայն լուսադեմին։

Facebook սոցիալական ցանցում հալեպցիներին խորհուրդ են տալիս դուրս չգալ տներից։ Իրավիճակը հատկապես լարված է եղել Բոսթան բաշա, Սուլեյման Հալաբի, Շեյխ Մախսուդ, Աշրաֆիյե թաղամասերում։

Կառավարական զորքերը ողջ գիշեր եղել են հայաշատ Նոր գյուղ թաղամասում։

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ըստ դեռ չհաստատված տվյալների՝ Հալեպում նաև ասորիներին պատկանող եկեղեցի է հրկիզվել։

Սիրիայում կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև բախումներն սկսվել են 2011թ.-ի մարտին, իսկ հայաշատ Հալեպը մարտերի թատերաբեմ է դարձել 2012թ.-ի ամառվանից։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում զոհվել է ավելի քան 90.000 մարդ։