ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում իր աշխատանքները մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստը, որը գլխավորում է Հայաստանի Հանրապետության Նախագահ, համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդբվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, խորհրդի անդամներ: Սերժ Սարգսյանը ողջունեց մասնակիցներին եւ նշեց, որ հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստն, ինչպես նախորդ նիստերը, կրելու են խիստ աշխատանքային բնույթ, իսկ որոշումները կկայացվեն ոչ միայն հիմնադրամի գործունեության սահուն ընթացքը ապահովելու, այլեւ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի առջեւ ծառացած խնդիրներին արդյունավետ արձագանքելու նպատակադրմամբ:
ՀՀ Նախագահը նշեց, որ վերջին մեկ տարին Հայաստանում հագեցած եւ ընտրական է ստացվել: «Խորհրդարանական, նախագահական, Երեւանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վերհանելու, հրապարակայնորեն, հանրայնորեն քննարկելու եւ լուծումների հնարավոր ողջ բազմազանությունը դիտարկելու համար: Թերեւս չկա որեւէ ծանրակշիռ հարց` ազգային, հասարակական, սոցիալ-տնտեսական կամ այլ ոլորտի, որի վերաբերյալ առկա դիրքորոշումները այդ ընթացքում հնչեցված ու քննության առնված չլինեն: Դրանք մեր հասարակության մեջ ձեւավորել են նաեւ մեծ սպասումներ, որոնք մենք պարտավոր ենք արդարացնել: Կարծում եմ, որ առաջիկա տարիները ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ ողջ հայության համար պետք է լինեն տքնաջան եւ արդյունավետ աշխատանքի տարիներ: Կարծում եմ, որ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը, իսկ առաջիկայում ընտրությունների բացակայությունը կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու եւ շատ աշխատելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով` շարունակվում են բազմաթիվ եւ բազմաբնույթ մնալ նաեւ սփյուռքի խնդիրները, այս օրերին Սիրիայի եւ սիրիահայության վիճակը բոլորի համար մնում է որպես բաց վերք: «Մենք եւ որպես պետություն, եւ որպես հայ ժողովուրդ աջակցում եւ շարունակելու ենք աջակցել մեր քույրերին եւ եղբայրերին` անկախ նրանից` եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում»,- ընդգծեց նա: Սերժ Սարգսյանը նաեւ հավելեց, որ համահայկական ոչ մի կառույց այնքան ամբողջական չի արտացոլում աշխարհի հայության ձգտումներն եւ հնարավորությունները, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որքան «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստին խորհրդի 37 անդամներից ներկա էին 28-ը: Հիմնադրամի առաքելությունն է` համախմբել աշխարհասփյուռ հայության ներուժը` ի նպաստ մեր հայրենիքի վերակառուցման եւ հզորացման: «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահն ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են պետության, եկեղեցական, կուսակցական, հասարակական եւ բարեսիրական կառույցների ներկայացուցիչներ: Խորհուրդը հրավիրում է տարեկան ժողով, որին մասնակցում են հոգաբարձուները, տեղական մարմինների եւ գործադիր վարչության ներկայացուցիչները: Ժողովի ընթացքում, որը նախագահում է ՀՀ Նախագահը, մասնակիցներին ներկայացվում են տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, ֆինանսական հաշվետվությունը, վերստուգիչ հանձնաժողովի եւ միջազգային աուդիտորական ընկերության եզրակացությունները: Խորհուրդը քննարկում եւ հաստատում է հաջորդ տարվա ծրագրերը: