ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան տարբեր բուհերում սովորող շուրջ 4000 սփյուռքահայ ուսանողներից 250-ը սիրիահայեր են, որոնց 70 տոկոսը Հայաստանում հաստատվել է Սիրիայում լարված իրավիճակի պատճառով:
Մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Սփյուռքահայ ուսանողների խորհրդի» նախագահ Սամվել Մկոյանը, ում տեղեկացմամբ` սիրիահայ 200 ուսանողների` 350 հազար դրամը չգերազանցող ուսման վարձը վճարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: «Հայաստանում սիրիահայերից 10-ը սովորում է անվճար հիմունքներով: Այն սիրահայերը, ովքեր սովորում են նախապատրաստական բաժնում, վճարում են ուսման վարձի կեսը, վճարովի համակարգում սովորղ սիրիահայ ուսանողների ուսման վարձը հավասարվել է ՀՀ քաղաքացիների ուսման վարձին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հիշեցրեց նա:
Անդրադառնալով սիրիահայ ուսանողների խնդիրներին` Մկոյանը նշեց, որ նրանց 40 տոկոսին հուզում է կացության հարցը: «Հաջորդում են աշխատանքի տեղավորման եւ լեզվական խնդիրները»,-ասաց նա: