ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատված սիրիահայերի համար բազմաբնակարանային շենքեր և առանձնատներ կառուցելու նպատակով 5 հա հողատարածք է առանձնացվել Աշտարակ, Էջմիածին եւ Մասիս քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ծրագրի հաջող իրագործման պարագայում հետագայում այլ տարածքներ եւս կառանաձնացվեն: «Հողատարածքը հինգհարկանի շենքեր կառուցելու համար է: Ծրագիրը կազմված է երեք բաղադրիչից. ֆինանսական կողմի ապահովման հարցում իր ներդրումը կունանա նաեւ ՀՀ կառավարությունը. այն կհոգա հողահատկացման հարցը, բնակարանի արժեքի մի մասը կվճարի սիրիահայ ընտանիքը, մյուս մասը` հովանավորը: Առաջին հովանավորն, ի դեպ, արդեն գտնվել է: Սիրիահայերի ցանկության դեպքում կկառուցվեն նաև առանձնատներ, սակայն այս դեպքում ֆինանսական հարցերով պետք է զբաղվի միայն այն անձը, ով ցանկանում է առանձնատուն ձեռք բերել»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը: Կառուցման նախագիծն անվճար հիմունքներով կներկայացնի Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը: Աջակցության առաջարկություն է արել նաև Հայաստանի ճարտարապետների միությունը: Տարածքների հատկացումը կատարվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով:

Զաքարյանի տեղեկացմամբ` այժմ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ քննարկվում են ֆինանսավորման հարցերը: Դեռևս պարզ չէ, թե որքան գումար կհատկացվի. նախագծանախահաշվային աշխատանքներից անմիջապես հետո կտրամադրվի գումարը, որին կհաջորդի շինարարության սկիզբը: «Բնակարանները կառուցելու համար կհայտարարվի մրցույթ, ինչի արդյունքում կընտրվի շինարարական կազմակերպությունը: Շինարարական գործընթացում որպես աշխատուժ ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև 100 սիրիահայեր: Նրանք ցանկանում են բնարական ձեռք բերել եւ հրաժարվում են աշխատավարձից` առաջարկելով այդ գումարները փոխանցել որպես բնակարանի համար կատարվող վճարում»,-տեղեկացրեց նախարարության աշխատակազմի ղեկավարն` ավելացնելով, որ իրենք չեն կարողանա բոլորին ընդգրկել, սակայն վիճակահանության միջոցով կբավարարեն մի մասը պահանջը:

Առայժմ պարզ չէ, թե որքան ժամանակ կհատկացվի բնակարանները կառուցելու համար, սակայն, Զաքարյանի պնդմամբ, այն կավարտվի շատ արագ, որպեսզի հնարավորինս շուտ մարդիկ ապահովված լինեն բնակարաններով: «Նախատեսված է կառուցել ոչ միայն 1-4 սենյականոց բնակարաններ, այն նաև երկհարկանի քոթեջներ` մեծ ընտանիքների համար»,-ասաց Զաքարյանը:

Նորակառույց բնակարաններում ապրելու ցանկություն է հայտնել շուրջ 600 ընտանիք, սակայն դեռ կօգտվի միայն 100-ը: Նախարար Հակոբյանի առաջարկությամբ` վերջիններիս առաջնահերթությունը կտրվի կրկին վիճակահանության սկզբունքով: Կառուցվող շենքերում մեկ սենյականոց բնակարանը կարժենա 50 հազար դոլար, որի մի մասը կվճարի հովանավորը, մի մասը սիրիահայ ընտանիքը:

Մինչև Սիրիայի ներքաղաքական լարված իրավիճակը` երկրում ապրում էին 70-80 հազար հայ: Վերջին երկու տարիների ընթացքում երկիրը լքել են շուրջ 20 հազար սիրիահայեր, որոնցինց 12 հազարը եկել են Հյաստան: Հետագայում մի մասը կրկին հեռացել է հանրապետությունից` բնակություն հաստատելով Եվրոպայում կամ Ամերիկայում: Այժմ Հայաստանում ապրում է 7 հազար սիրիահայ: