lragir.am – Հալեպահայ Հովսեփ Վարդանյանը փորձում է Հայաստանում առևտրով զբաղվել, բայց ավելի քան 15 օր է` պետական գերատեսչություններում պտտվում է ու արդյունքի չի հասնում: Շուրջ 1.5 ամիս առաջ Երևան տեղափոխված հալեպահայ երիտասարդը փորձում է հագուստի առևտուր սկսել: Գրիգոր Լուսավորչի փողոցում ցանկացել է փոքրիկ խանութ վարձակալել, բայց ինչպես ինքն է ասում, վարձակալության գնի մասին լսելով` վախեցել է:
«Հալեպում ամենալավ թաղամասում ամիսը 300-400 դոլարով կարելի էր մեծ խանութ վարձակալել: Այստեղ շատ պստիկ տարածքը ուզեցա վարձել, բայց ամենաէժան վարձը 1200 դոլար է»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփ Վարդանյանը:
Նրա ընտրությունը կանգ է առել «Ֆիրդուսի» տոնավաճառի վրա, որտեղ մի փոքրիկ տաղավար է վերցրել և որտեղ վարձավճարները համեմատաբար էժան են: Հովսեփը գործունեությունը դեռ չի սկսել, բայց ասում է, որ հոգնել է հայաստանյան քաշքշուկներից:
«Անձնագրի պատճառով 15 օր է` գնում-գալիս եմ: Օվիրն ասել էր` նորմալ է անձնագիրդ, պետռեգիստրում անձնագիրս նայեցին, ինձ ասեցին` դուն հայաստանցի չես դեռ: Գնացինք օվիր, ասեցին` նորմալ է քու անձնագիրը, ետ դարձա պետռեգիստր, հույս տվին, թե մի քանի օրվա մեջ կըլլա: Մի քանի օրը եղավ մի շաբաթ: Մի շաբաթ ետն ասացին` ետ գնա օվիր, գնացինք, ասեցին` նորմալ է, հարկային գնացինք, ասին` բան մը չունիս սխալ»,- պետական գերատեսչություններում կատարած իր «շրջագայության» մասին պատմեց սիրիահայ երիտասարդը:
Ի վերջո, Սփյուռքի նախարարությունում այսօր նրան խոստացել են երկու օրվա ընթացքում լուծել խնդիրները:
Հակոբ Վարդանյանը մասանագիտությամբ ոսկերիչ է, Հալեպում ոսկերչական խանութ է ունեցել: Սակայն պատերազմի սկսվելուն պես խանութը փակել է, ասում է` ոսկյա զարդերի մի մասն էլ գողացել են: Երևան տեղափոխվելուն պես ցանկացել է ոսկերչությամբ զբաղվել, սակայն հետաքրքրվել ու իմացել է, որ այստեղ դա շատ դժվար է այդ գործով զբաղվելը: Հակոբը զարմացած է Հայաստանի հարկերի վրա: «Լեռների ու ձորերի տարբերություն կա Սիրիայի ու Հայաստանի հարկերու միջև»,- նշում է նա: Ասում է, որ պատերազմի պայմաններում Սիրիայում ավելի էժան էր ապրելը, քան այստեղ: «Հոս ամեն ինչ թանկ է, երկու բան մը էժան տեսա` ջուրը և հեռազանգելու լիցքավորումը: Ամեն ինչ թանկ է, ամեն ինչ շատ-շատ դժվար է մեզի համար»,- ասում է Հակոբը: Նա վստահ է` եթե Հալեպում իրավիճակը լավանա, սիրահայերի 90 տոկոսը հետ կվերադառնան:
Հալեպահայ երիտասարդը նշում է, որ Հայաստանը որպես հայրենիք այսպիսին չէր պատկերացնում: Հայաստանը նա նախկինում գիտեր որպես զբոսաշրջիկ, ամեն տարի գալիս էր հանգստանալու: «Բայց որ այսքան թանկ է ապրելն ու դժվար աշխատանք սկսելը, չգիտեի»,- նշեց Հակոբը:
Ի դեպ, տոնավաճառում վաճառելու հագուստները Հակոբ Վարդանյանն արդեն բերել է Հայաստան: Ասում է, որ սկզբնական փուլում թուրքական ու իրանական արտադրության հագուստներ է վաճառելու:
Ռոզա Հովհաննիսյան