Նա տեղեկացրեց նաեւ, որ Հալեպում արդեն ավարտվել են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Առավոտյան հայկական բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան կրոնական արարողություններ, իսկ կեսօրին Աղաջանյան սրահում տեղի ունեցավ ոգեկոչման հիմնական արարողությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ հարթ է անցել, եւ միջոցառումներին խոչընդոտող որեւէ բան տեղի չի ունեցել;
Ապրիլի 24-ին Հալեպում փակ են եղել բոլոր հայկական գործատեղերը եւ խանութները: Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ դրանց վրա հատուկ գրություն է եղել, որով տեղեկացրել են, որ իրենք այս օրը չեն աշխատում՝ հարգելով 1915թ Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ամեն ինչ նախապատրաստվել եւ սկսվել էր դեռեւս տարիներ առաջ: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների եւ մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց եւ քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս: 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ: 1915 եւ հաջորդ տարիների իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում:
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:
