ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան տեղափոխված և աշխատանքի համար նախօրոք գրանցված սիրիահայերի 75 տոկոսն արդեն աշխատանք ունի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, մնացած 25 տոկոսի համար աշխատանքի փնտրտուքը շարունակվում է: «ՀՀ սփյուռքի նախարարությունն ստացել ու տարբեր գերատեսչություններում աշխատանք գտնելու համար գրանցել է 1000 սիրիահայերի հայտեր: Նրանց 25 տոկոսին մենք տարբեր աշխատանք ենք առաջարկել, մի մասը չի ընդունել մեր առաջարկը, մյուս մասն էլ ընդունել է, սակայն շատ քիչ է աշխատել` պատճառաբանելով, որ աշխատավարձը ցածր է»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության ներքո և գերատեսչությունների աջակցությամբ աշխատանքի տեղավորված 750 սիրիահայերի մի մասն աշխատում է իր մասնագիտությամբ, մի մասը կատարում է ցանկացած աշխատանք: Նրանց մի մասն էլ զբաղվում է սեփական բիզնեսով` բացելով փոքրիկ սրճարան կամ կրպակ: Սիրիահայերի մի խումբ էլ, հավանաբար, աշխատանք է գնել սեփական ուժերով:
Նախարարության տրամադրած տվյալների համաձայն` մինչև Սիրիայի ներքաղաքական լարված իրավիճակը` այնտեղ ապրում էին 70-80 հազար հայեր: Վերջին երկու տարիների ընթացքում երկիրը լքել են շուրջ 20 հազար սիրիահայեր, որոնցինց 12 հազարը եկել են Հայաստան, սակայն հետագայում կրկին հեռացել են հանրապետությունից` բնակություն հաստատելով Եվրոպայում կամ Ամերիկայում: Այժմ Հայաստանում ապրում է 7 հազար սիրիահայ: