tert.am -2013թ-ի հունվար ամսվա դրությամբ Երևանում բնակվում է 500 սիրիահայ ընտանիք կամ 1400 անձ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը՝ ավելացնելով, որ կարիքների գնահատումից հետո պարզ է դարձել, որ այսօր սիրիահայերի համար առաջնային խնդիր է աշխատանքը և բնակարանների վարձավճարները:
«Այս տարվա հունվարից առ այսօր դրամական աջակցություն է ցուցաբերվել 156 ընտանիքի»,– ասաց նա՝ ավելացնելով, որ դրամական աջակցության մեջ են մտնում բնակարանի վարձերը, ջեռուցման համար ծախսված վարձերը և ուսման վարձերը:
«Գումարային հաշվարկով եթե ասենք, մոտ 14 մլն դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել համապատասխան կարիքավոր սիրիահայ ընտանիքների: Տրամադրվել են նաև կենցաղային իրեր՝ թանկարժեք սառնարաններ, լվացքի մեքենաներն, թեյնիկներ, էլեկտրաջեռուցիչներ, անկողնային պարագաներ, կահույք»,- ավելացրեց Ռուզաննա Զաքարյանը նա և ընդգծեց, որ տրամադրվել է այն, ինչի կարիքը ունեցել է տվյալ ընտանիքը:
Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրեց, որ կենցաղային իրեր տրամադրվել են շուրջ 128, իսկ պարենային աջակցություն ցուցաբերվել է 67 ընտանիքի: Նա նաև նշեց, որ սիրիահայերի մեջ կան նաև միայնակ անձինք՝ միայնակ տարեցներ, որոնք սննդի կարիք են ունեցել և 16 անձինք կցվել են «Գթության խոհանոցների»:
«Հոգեբանական ծառայություններ են մատուցվել 6 սիրիահայերի, և քաղաքապետի հանձնարարությամբ ակտիվորեն աշխատում ենք Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության հետ, որպեսզի կարողանանք ակտիվացնել նրանց հաշվառումը և լուծելի դարձնենք նրանց այդքան հուզող զբաղվածության խնդիրները»,- ասաց նա։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետն ասաց, որ մինչ օրս հաշվառվել է 131 սիրիահայ, որոնցից 41–ը աշխատանքի է տեղավորվել զբաղվածության գործակալության կողմից, 12-ը՝ ինքնուրույն, ևս 12 սիրիահայ աշխատանքի է ընդունվել Երևանի վարչական շրջանների ղեկավարների միջնորդությամբ:
Ռուզաննա Զաքարյանը հորդորեց 65 տարին լրացած բոլոր սիրիահայերին, ովքեր ՀՀ քաղաքացիություն ունեն, դիմել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, կենսաթոշակ ստանալու համար։