armenianow.com – Սիրիայում սկիզբ առած ռազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան, նրանցից շատերն էլ մեկնեցին վերաբնակվելու Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում:
Արցախի հարավարևմտյան այս հատվածում ապրում են 23 սիրիահայ ընտանիքներ՝ 71 մարդ, առաջին ընտանիքն այստեղ է տեղափոխվել շատ ավելի վաղ՝ 2008 թվականին, մինչև պատերազմը սկսվելը: Ընտանիքների մեծ մասը գաղթել է Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքից:
29-ամյա Վարդան Պողոսյանի ընտանիքը նրանցից մեկն է: Այստեղ է տեղափոխվել կնոջ և մեկուկես տարեկան աղջկա հետ: Ապրում են Քաշաթաղի շրջկենտրոնում՝ Բերձորում: Ամուսիններով հաշվապահ են և աշխատանք ունեն: Շուտով նոր բնակարան կստանան:
«Իմ որոշումն էր՝ միանգամից Ղարաբաղ գալ: Փոխանակ Եվրոպա, Ամերիկա գնալու, ինչո՞ւ չգալ այստեղ ու ապրել հայրենիքի մեջ: Իհարկե, շատ են նաև դժվարությունները, բայց պետք է դիմանանք: Վերջապես, բավական ապրել ենք օտարության մեջ, բավ է»,- «ԱրմենիաՆաուին» պատմում է Վարդանը և ավելացնում, որ իրենցից հետո այստեղ են տեղափոխվել նաև եղբոր՝ Սերոբի ընտանիքը, կնոջ ծնողներն ու հարազատները:
Սիրիահայ ընտանիքներից մի քանիսն ապրում են Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում և Իշխանաձորում: Քաշաթաղի վարչական շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանն ասում է, որ Կովսական եկած առաջին սիրիահայ ընտանիքներն արդեն առանձնատներ ունեն, մնացածի համար բազմաբնակարան շենք է վերանորոգվել, որից բնակարաններ են հատկացվել:
«Բերձորում դեռևս ապրում են հյուրատանը, շուտով կստանան նոր բնակարանները, որոնք կտրամադրվեն սեփականության իրավունքով, անվճար: Այն ընտանիքը, որը կմնա ու կհարմարվի պայմաններին, հետագայում սեփականության վկայական կստանա, – «ԱրմենիաՆաուին» պատմում է Մաթևոսյանը: – Մասնագետներին ապահովել ենք աշխատանքով: Գյուղերում ապրող ընտանիքներին տրամադրվել են հողակտորներ, 0 տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր: Մարդիկ ցորեն, գարի են ցանել, գումարը վերադարձնելու են բերքի ժամանակ»:
1992 թվականին հայկական ուժերն իրենց վերահսկողության տակ վերցրին Բերձոր (Լաչին) քաղաքը և Լաչինի միջանցքը, որը կոչվեց նաև «կյանքի ճանապարհ», քանի որ այս ճանապարհի շնորհիվ ցամաքային կապ հաստատվեց Ղարաբաղի ու Հայաստանի միջև: Զանգելանի, Կուբաթլուի և Լաչինի մի մասի հիման վրա ստեղծվեց Քաշաթաղի շրջանը` 3376 քառ. կմ տարածքով: ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2011 թվականի տվյալներով` Քաշաթաղի շրջանում բնակվում է 8500 մարդ: Շրջանի վերաբնակեցումը ռազմավարական կարևոր նշանակություն ունի:
Ռոբերտ Մաթևոսյանն ասում է, որ այս պահին նոր հոսք է սպավում դեպի Քաշաթաղ:
«Հենց այսօր էլ դիմել են: Մի 4-5 ընտանիք էլ եկել են, պայմաններին ծանոթացել: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք բոլորին ընդունելու: Շարունակում ենք նոր տների կառուցումը, հների վերանորոգումը: Հարմարվում են, ապրում՝ հաղթահարելով դժվարությունները: Միայն մի փոքր լեզվական խնդիրներ կան, որոնք նույնպես հաղթահարվում են,- ասում է Մաթևոսյանը: – 2008-ին Քաշաթաղ եկած Ժիրայր Տոնապետյանի 9 հոգանոց ընտանիքն արդեն դարձել է իսկական քաշաթաղցի, ստացել է տան սեփականության վկայականը, նրանց տղան ծառայում է հայկական բանակում»:
Սիրիահայերին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցման հարցերում աջակցում են ոչ միայն իշխանությունները, այլև «Քաշաթաղ», «Թուֆենկյան», «Աջակցություն ինքնորոշված Արցախին» բարեգործական հիմնադրամները, ինչպես նաև` սիրիահայերի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը:
Ըստ սփյուռքի նախարարության՝ պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան է տեղափոխվել շուրջ 6000 ընտանիք, որոնցից 300-ն ապրում են մարզերում: