eMedia.am- Զեյթունի, մանդարինի և նարնջի մի քանի տարատեսակներ, կիվի, պիստակ, կակտուս. ահա ցիտրուսային մրգերի ու պտուղների այն ոչ լրիվ ցուցակը, որն արցախցիների համար շուտով էկզոտիկա չի լինի:

Հալեպահայ Հովիկ և Վրեժ Ասմարյան եղբայրները պատրաստվում են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հարավում՝ Արաքսի ափին և Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում ձիթենու, ցիտրուսի և այլ մրգատու ծառերի այգի մշակել: Սկզբի համար Սիրիայից Արցախ է բերվել 15 000 տնկի, որոնք ներկա դրությամբ ինկուբացիոն շրջանն անցնում են Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի ջերմոցերից մեկում: «Հարավում արդեն 1000 հա մշակված հող կա, և մոտ ժամանակներս զեյթունի ու ցիտրուսի տնկիները կտեղափոխվեն այնտեղ: Իսկ Բերքաձորի 20 հա տարածքում հիմնականում աճեցնելու ենք տանձի, դեղձի, կեռասի և նռան մի քանի տեսակներ, շագանակ, ֆիստաշկա, խաղողի մի քանի տեսակ և այլն»,-ասում է Հովիկը։ Սկզբի համար Ասմարյան եղբայները պատրաստվում են մոտ 25 000 տնկի դնել: Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով տնկիները Թուրքիայով Արցախ մեծ դժվարությամբ են հասնում: Հովիկը նշում է, որ հայաստանյան և արցախյան իշխանությունները ջանք չեն խնայում:

Մինչ Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմը կհասներ Հալեպ, Վրեժ Ասմարյանը եկել էր Արցախ և տեղում ծանոթացել, թե ինչով կարող են զբաղվել այստեղ: «Եղբայրս նախկինում էլ հողագործությամբ է զբաղվել և այդ ոլորտում բավականին փորձ ունի: Ընտրեց բնակավայրերը, և սկսեցինք հետազոտական աշխատանքեր տանել, թե որտեղ և ինչ կարելի է մշակել: Մասնագետներ հրավիրեցինք Սիրիայից, ովքեր ուսումնասիրելով տեղանքը՝ ասացին, որ մեր վարձակալած հողերը բարենպաստ են զեյթուն ու կիվի աճեցնելու համար: Մնացած տեսակի տնկիները մենք մեր ռիսկի հաշվին գնեցինք: Կլիմային հարմարվելու հաջողությունը հիսուն-հիսուն է»,-ասում է Հովիկը: Զեյթունի աճեցման հիմնական նպատակը այն տեղում վերամշակելու միտքն է: Ասմարյան եղբայները պատրաստվում են Արցախում զեյթունի ձեթ, օճառ և պահածո արտադրել:

Պտղատու ծառերից բացի նրանք անտառային ծառեր էլ են աճեցնելու, ինչն ըստ Հովիկի, շատ ավելի արդյունավետ է և կենդանական աշխարհի համար, և փայտը արտադրության մեջ օգտագործելու առումով: Հովիկը բացատրում է, որ իրենց գործը բավականին ռիսկային է, և որ, ըստ վիճակագրության, 100 տնկիներից 20 « մահանալու են», դրան գումարած եղանակային պայմանները: Ամենի ինչ հաջողելու պարագայում ցիտրուսի և մնացած մրգատու ծառերի առաջին բերքը կտան միայն 3-4 տարուց հետո, իսկ զեյթունը՝ էլ ավելի ուշ:

«Հորեղբայրս ժամանակին հողագործությունը համեմատել է կազինոյի ազարտ խաղի հետ: Եթե կազինոյում դեմդ մարդ է ու նրա հետ ես խաղում, ապա հողագործության պարագայում Աստծու հետ ես խաղում այդ ազարտ խաղը: Նա ցանկության դեպքում կարող է քեզ ուղղակի ջախջախել, իսկ կարող է նաև հաջողեցնել գործերդ: Դա ազարտ խաղ է և շատ հետաքրքրական»,- ժպտալով ասում է Հովիկը: Ասմարյան եղբայրների սկսած գործը շատերը խենթություն են համարում, ինչի հետ Հովիկը համաձայն է, և այդ խենթությանը յուրահատուկ բացատրություն է գտել.

«Նույն խենթությունն արցախահայությունն է արել 20 տարի առաջ, երբ իրենից մի քանի հարյուր անգամ գերազանցող Արդբեջանի դեմ է ելել ու հաղթել: Արցախյան պատերազմի սկզբի կարևորոր ու մածամասշտաբ մարտերից մեկը հենց այստեղ՝ Իվանյան գյուղում (նախկին Խոջալույում) է եղել: Մենք էլ մեր խենթությունը սկսեցինք հենց Իվանյանից, որտեղ և տնկիներն ինկուբացինո շրջան են անցնում: Պատերազմի վերջին մարտերից մեկն էլ եղել է հարավում, Արաքսի ափին, որն էլ տնկիների վերջին հանգրվանն է: Նույն խորհրդանշական ճանապարհն ենք անցնելու և հուսով եմ, որ նույն հաջողությունը կունենանք»: