Ժիրայր Րէիսեան

Ժիրայր Րէիսեան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ Ղամիշլի քաղաքում ընդդիմադիր եւ կառավարական ուժերի միջեւ բախումներ չկան, սակայն բնակիչները շարունակում են ապրել անորոշության ու վախի մթնոլորտում: Ինչպես «Արմենպրես»-ին պատմեցին Ղամիշլիում բնակվող մեր հայրենակիցները, մեծ փոփոխություններ այնտեղ տեղի չեն ունեցել, հայերի հետ կապված միջադեպեր չեն գրանցվել, հնարավոր է ազատ տեղաշարժվել դեպի հարեւան բնակավայրեր: «Այդուհանդերձ, մտահոգությունը երկրում առկա իրավիճակի նկատմամբ մեզ մշտապես պահում է լարվածության մեջ: Եթե նախորդ օրերին որոշակի երկյուղածությամբ երթեւեկում էինք դեպի Լաթաքիա, այսօր, երբ լրանում է բախումների սկսման երկրորդ տարին, մարդիկ զգուշանում են քաղաքից քաղաք տեղափոխվել»,-ասացին մեր հայրենակիցները: Նմանատիպ իրավիճակ է նաեւ հայաշատ Քեսաբում, որտեղ վերջին շրջանում էլեկտրականության ընդհատումները կարծես քչացել են:

Մայրաքաղաք Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցը եւս տեղեկացրեց, որ քաղաքում իրավիճակը հանգիստ է, բախումները շարունակվում են ծայրամասերում:

Հայաշատ Հալեպում, ինչպես տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը, մարտի 15-ի գիշերը ռումբերի, կրակոցների ձայներ են լսվել, իսկ առավոտյան Հալեպում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Ինչ վերաբերում է երկու տարվա ընթացքում երկրից հեռացած սիրիացիներին, ապա նրանց թիվը հարեւան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը: