a1plus.am – Անցած շաբաթ Սիրիայում տեղի ունեցած ռազմական սրացումների ժամանակ հայ զոհերի թիվը հասել է 10-ի։ Իսկ ընդհանուր առմամբ, հստակ վիճակագրություն չկա, թե սիրիական հակամարտության ընթացքում քանի հայ է զոհվել: Արաբագետ Հայկ Քոչարյանը վստահ է՝ նրանց թիվը մի քանի հազարի է հասնում։
Արաբագետը ընդգծում է, որ շատ հայեր դուրս չեն գալիս Սիրիայից, քանի որ կարծում են, թե Սիրիան է իրենց տունը, պետք է մնան ու պայքարեն հանուն իրենց երկրի, մի հատված էլ հնարավորություն չունի դուրս գալու. «Այն գործողությունները, որոնք արվում են հայկական Կառավարության կողմից՝ ուղղված սիրիահայերի խնդիրներին, արվում է անհամակարգված, արդյունքում խոստացվել է հումանիտար օգնություն ուղարկել Հալեպ, բայց հարց է առաջանում, թե այդ օգնությունն ո՞ւմ է ուղղված և կօգտագործվի՞ արդյունավետ»։
«Հալեպում պատերազմական գործողությունները մտել են շատ ագրեսիվ, կտրուկ փուլ»-, նշեց Հայկ Քոչարյանը։
Ըստ արաբագետի՝ սրացումն ակնհայտ երևում է հատկապես Հալեպի արևելյան շրջաններում, որտեղ կառավարական ուժերը փորձում են վերականգնել իրենց իշխանությունը և իրավիճակի փոփոխություն մոտակա ժամանակներում սպասել չարժե, քանի որ արտաքին դերակատարներից մեկը՝ ԱՄՆ-ն, այս պահին զբաղված է ներքին հարցերով՝ առաջիկա նախագահական ընտրություններով։
Այս իրավիճակից, ընդգծում է փորձագետը, օգտվում են սիրիական կառավարական ուժերը, իսկ Ռուսաստանը իրականացնում է իր դիրքերի ամրապնդում, ինչը հուշում է, որ առաջիկայում՝ մինչև տարվա վերջ, հակամարտության նոր սրացումներ կլինեն։
Առհասարակ, արաբագետը Սիրիան համարում է այն հարթակը, որտեղ արտահայտվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի բախումները՝ ամբողջ աշխարհի մասշտաբով։