ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Տորոնտոյի օդանավակայանում անձամբ դիմավորել է Սիրիայից ժամանող փախստականներին, այդ թվում և սիրիահայերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի առաջին կառավարական օդանավը Տորոնտո է բերել 163 փախստականի:

Վարչապետն առաջինը ողջունել է սիրիահայ Գևորգ Ժամկոսյանին, նրա կնոջն ու 16 ամսական դստերը՝ ասելով. «Բարի գալուստ ձեր նոր տուն»: Ժամկոսյանը Տրյուդոյի հետ զրույցում ասել է. «Մենք իսկապես շնորհակալ ենք այս ջերմ հյուրընկալության և ողջույնի համար: Մենք մեզ զգում ենք ինչպես տանը: Մենք շատ ենք տառապել: Ասես դժոխքից եկած լինենք դրախտ»:

Ինչպես հաղորդում է WashingtonPost-ը, Սիրիայից ժամանած ընտանիքներին բաժանվել են ձմեռային հագուստներ և խաղալիք արջուկներ: Փախստականներով հաջորդ օդանավը Կանադա կժամանի արդեն դեկտեմբերի 12-ին:

Օդանավակայանում սիրիացիների առաջին հոսքին ողջունողների շարքում է եղել նաև 26-ամյա Գրեգ Քուշքերյանը, ով սպասում էր Սիրիայից ժամանող իր մտերիմ ընկերոջը: «Կանադան շատ գրկաբաց գտնվեց: Այստեղ մարդիկ հարգում են միմյանց»,- նշել է Քուշքերյանը:

Կանադայի կառավարությունը մեծապես մտահոգված է սիրիացի փախստականներին իր հարկի տակ ընդունելու գաղափարով: Մասնավորապես, վարչապետ Ջասթին Տրյուդոն մտադիր է մինչև 2016 թվականի փետրվարի վերջ ընդունել 25 հազար սիրիացի փախստականների: