1in.am – «Հայերի և այլ փոքրամասնությունների համար ամենամեծ սպառնալիքը եղել ու մնում են իսլամիստական, ծայրահեղական խմբավորումները, որոնք նպատակ ունեն վերացնել նախապատերազմյան Սիրիայի ողջ համակարգը»:
Ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ RAND կորպորացիայի գիտաշխատող, Մերձավոր Արևելքի քաղաքականության, մշակույթի, ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ, հասարակական գիտությունների դոկտոր Քեթլին Ռիդին «Առաջին լրատվական»-ի զրույցում խոսեց սիրիական հակամարտության շուրջ ընթացող զարգացումների, Սիրիայի ազգային-կրոնական փոքրամասնություններին և մասնավորապես հայերին սպառնացող վտանգների և նրանց ապագային առնչվող հարցերի մասին:
Փորձագետը սիրիական հակամարտության համատեքստում անդրադարձավ նաև Ղարաբաղյան խնդրին՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նաև Մինսկի խմբի մյուս անդամ պետությունները իրենց կուլիսային քննարկումներում կարող են ընդգրկել նաև Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ճնշում գործադրելով Հայաստանի և Ադրբեջանի վրա, որպեսզի վերջիններս վերջնականապես լուծեն հիմնախնդիրը. «Երկու երկրներն էլ ռազմավարական շահ ունեն այդպես գործելու, որպեսզի դառնան վստահելի տարածաշրջանային ուժեր»:
– Քեթլին, Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է Ռուսաստանի ռազմական և դիվանագիտական ակտիվությունն ազդում սիրիական հակամարտության և ուժերի դասավորության վրա:
– Ռուսաստանի վերջին ջանքերը Սիրիայում օգնեցին Սիրիայի կառավարական ուժերին վերադարձնել որոշ կորսված տարածքներ և ամրապնդել նրանց դիրքերը երկրի արևմուտքում: Սրա հետևանքով տարբեր ընդդիմադիր խմբավորումներ կորցրին իրենց հենակետերը հատկապես Հալեպի շրջակայքում, որտեղ ռուսներն ամենից հաճախն են ռմբակոծում: Գործողությունների ծրագիր մշակելուն միտված Ռուսաստանի դիվանագիտական ջանքերը դրականորեն ընդունվեցին Սիրիայի կառավարության աջակիցների կողմից, բայց քննադատվեցին շատ ընդդիմադիր խմբավորումների կողմից: Թեև սա ամրապնդեց կառավարության դիրքերը, այնուամենայնիվ նաև բացասական հետևանքներ ունեցավ, քանի որ տարբեր կազմակերպություններ թշնամացան ռուսների հետ: Ռուսաստանը, ավիահարվածների միջոցով թիրախավորելով մի շարք անջատ ու իսլամիստական խմբավորումների և Ասադին հեռացնելու հարցը չընդգրկելով իրենց գործողությունների ծրագրում, առիթ է տալիս այս խմբավորումներին միավորվել մեկ միասնական նպատակի շուրջ, որը նրանք նախկինում չունեին: Այսինքն՝ Ռուսաստանի գործողությունները, ըստ էության, ուժեղացնում են նաև ընդդիմությանը և ապստամբ խմբերին, որոնք այժմ հանդես են գալիս ավելի մեծ սպառնալիքի դեմ:
– Շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին, Վիեննայում տեղի ունեցավ սիրիական ճգնաժամի հարցով գագաթնաժողով: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ռուսաստանը «խաղաղության ծրագիր» էր նախապատրաստել այդ հանդիպմանն ընդառաջ: Ի՞նչ արդյունքներ կտա այս գագաթնաժողովը, և ընդհանրապես ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հակամարտության կարգավորման համար:
– Վիեննայի բանակցություններին ավելի շատ միջազգային ներգրավվածություն և ներդրում կար, քան վերջին տարիներին Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ: Կարևոր է, որ Իրանը ևս մասնակցում է ընթացող երկխոսությանը, ինչը կօգնի հասնել ավելի լայն տարածաշրջանային համաձայնության ցանկացած կարգավորման դեպքում: Բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն, քան նախորդները, թեև դժվար թե մոտ ապագայում դրանք հանգեցնեն որևէ անհապաղ կարգավորման:
Անհավանական է, որ մոտ ժամանակներում կայուն հրադադար լինի՝ առանց բանակցություններին հակամարտող բոլոր կազմակերպությունների ամբողջական ներկայացման, առավել ևս չի լինի խաղաղ կարգավորում: Եվ որոշումը, թե ով պետք է մասնակցի բանակցություններին, և ով պիտի բացառվի՝ որպես ահաբեկիչ, մեծապես լինելու է քաղաքական որոշում, քանի որ միջազգային և տարածաշրջանային բոլոր հիմնական խաղացողները շատ տարբեր կարծիքներ և մոտեցումներ ունեն այդ հարցի շուրջ: Առանց տեղի ուժերի մասնակցության և համաձայնության՝ դժվար կլինի հասնել հիմնախնդրի լուծմանը:
Եվ, իհարկե, գլխավոր տարաձայնությունները ինչպես նախորդ բանակցություններում, այնպես էլ Ռուսաստանի ծրագրի շուրջ, կապված են Բաշար Ալ-Ասադի ապագա դերակատարության հարցի հետ, որը մնում է ցանկացած բանակցության գլխավոր կետը:
Ավելացնեմ, որ միջազգային և տեղական գրեթե բոլոր խաղացողներն էլ դեմ են, որ «Իսլամական պետությունը» կամ այլ ծայրահեղ խմբավորումներ մասնակցեն բանակցություններին, ինչը նշանակում է, որ եթե նույնիսկ կառավարական և ընդդիմադիր ուժերը համաձայնության գան հրադադարի հաստատման շուրջ, բռնությունները Սիրիայում չեն դադարի:
– Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով եկավ Երևան: Շատերի կարծիքով՝ դա չնախատեսված և անսպասելի այց էր, ուստի որոշ փորձագետներ եզրակացրին, թե դա կարող է կապված լինել Սիրիայում ռազմական գործողություններին հայերի հնարավոր աջակցության հետ: Հնարավո՞ր է, որ Մոսկվան փորձի ներգրավել Սիրիայի հայկական համայնքին:
– Սիրիայի ազգային փոքրամասնությունների մեծ մասը բացայտորեն կամ քողարկված ձևով աջակցում են Սիրիայի կառավարությանը, քանի որ սիրիական կառավարությունն անհամեմատ ավելի մեծ երաշխիքներ է տալիս նրանց պաշտպանության և անվտանգության համար, քան որևէ այլ հակամարտող կառույց: Այնուամենայնիվ, այդ համայնքներում կան մարդիկ, որոնք պատմականորեն չեն աջակցել կառավարությանը և շատերը միացել են անջատողական ընդդիմադիր ուժերին: Սիրիայի փոքրամասնություններից շատերի խնդիրներից մեկն այսօր այն է, որ նրանք հստակ պատկերացում չունեն խաղաղության գործընթացների մասին: Նրանք ներկայացված չեն ընդդիմադիր ուժերում, բայց Ասադին աջակցելը նրանց համար չարյաց փոքրագույնն է, ինչը նշանակում է, որ իրականում կառավարությունն էլ չի ներկայացնում նրանց շահերը:
Ավելի հավանական է, որ Ռուսաստանը ավելի շատ քաղաքական, քան ռազմական առումով ներգրավի Հայաստանին և հետևաբար նաև Սիրիայի հայկական համայնքին Սիրիայի հակամարտությանը:
Ռուսաստանը որդեգրել է Սիրիայի պաշտոնական ռազմական ուժերին աջակցելու մոտեցումը՝ ի տարբերություն Իրանի, որն աջակցում է նաև իշխանամետ զինյալներին, և Ռուսաստանի համար դժվար կլինի Սիրիայի բանակի համար ուղղակիորեն կամավորներ հավաքագրելը: Ռուսաստանը ձգտում է ներգրավել փոքրամասնություններին քաղաքական իմաստով՝ փորձելով գտնել համայնքների առաջնորդների, ովքեր կարող են ներկայացնել քրիստոնյաներին կարգավորման և անցման գործընթացում և/կամ երաշխավորել, որ քրիստոնյա համայնքներն աջակցում են Ռուսաստանի նախաձեռնությունները կամ Ռուսաստանի հովանավորած ընտրությունը՝ բանակցային գործընթացում առաջնորդությունը ստանձնելու համար:
Քանի որ Ռուսաստանն ուղղակիորեն չի աջակցում Ասադին իշխանության ղեկին պահելու գաղափարին, այս քայլը կարող է ցույց տալ, որ Ռուսաստանը ներգրավում է տեղական համայնքներին՝ փորձելով աջակցություն ստանալ ապագա անցման կամ հետանցումային առաջնորդների համար:
– Սիրիայում դեռևս հազարավոր հայեր են մնացել, նրանց մեծ մասը Հալեպում է, որին շատ մոտ են «Իսլամական պետության» դիրքերը: Քրդերը երկրի հյուսիսային շրջաններում են, կառավարական ուժերը, ինչպես արդեն նշվեց, հիմնականում վերահսկում են Սիրիայի հարավ-արևմուտքը՝ Դամասկոսին և Լաթաքիային հարակից շրջանները, իսլամիստական խմբերն էլ արևելքում են: Ի՞նչ ապագա է սպասվում փոքրամասնություններին և մասնավորապես հայերին այս քաոսային վիճակում:
– Հարցը, թե ինչպես պաշտպանել փոքրամասնություններին թե՛ կռիվների ընթացքում, թե՛ դրանից հետո, միջազգային հանրությանն ամենաշատն անհանգստացնող խնդիրներից է: Ժնևի և Վիեննայի բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծվել է, որ ցանկացած քաղաքական լուծում պիտի ընդգրկի բոլոր սիրիացիներին և պիտի երաշխավորի բոլոր փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը:
Ամենամեծ անհանգստությունը, անշուշտ, կապված է ալավիական համայնքի հետ, բայց մյուս փոքրամասնությունները՝ ներառյալ դրուզները, իսմաիլական շիաները, քրդերը, հայերը և մյուս ազգային ու կրոնական խմբերը, նույնպես կարող են ենթարկվել բռնությունների` Ասադի ռեժիմին իրենց լռակյաց աջակցության պատճառով:
Թեև այս սցենարն ավելի հավանական է այն դեպքում, եթե Ասադը հեռացվի ուժային մեթոդներով: Իսկ բանակցված կարգավորումը, որին կմասնակցեն բոլոր հիմնական կողմերը, ավելի ամուր երաշխիքներ է տալիս փոքրամասնությունների անվտանգության համար:
Եթե կարգավորման ցանկացած տարբերակ ենթադրի Սիրիայում միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավում, դա ավելի շատ կօգնի պաշտպանել անհատներին և համայնքներին ամիջական հետևանքներից:
Հայերի և այլ փոքրամասնությունների համար ամենամեծ սպառնալիքը եղել և մնում են իսլամիստական, ծայրահեղական խմբավորումները, որոնք նպատակ ունեն վերացնել նախապատերազմյան Սիրիայի ողջ համակարգը, ոչ թե պահպանել բազմազանության սկզբունքը, որը երկար տարիներ եղել է այդ երկրի առանձնահատկությունը:
Փոքրամասնությունների ներկայացուցիչները պիտի բավականաչափ ապահով զգան իրենց Սիրիա վերադառնալու և հասարակությանը հաջողությամբ ինտեգրվելու համար: Համայնքների շատ անդամներ հեռացել են երկրից որպես փախստականներ՝ ներառյալ սիրիահայերի 15 տոկոսը, և եթե այդ բնակչությունը չվերադառնա կամ չուզենա վերադառնալ տուն, Սիրիան որոշ չափով կզրկվի այն բազմազանությունից, որ ուներ, երկրում մնացած փոքրամասնություններին թողնելով ավելի մարգինալացված վիճակում:
– Ինչպե՞ս կարող է սիրիական հակամարտությունն ազդել Հարավային Կովկասի և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա:
– Այս իրավիճակը տարբեր սցենարներ կարող է ենթադրել: Ավելի դրական տարբերակն այն է, որ եթե հնարավոր լինի Սիրիայում հասնել դիվանագիտական ինչ-որ լուծման, դա նախադեպ կստեղծի Թուրքիայի և Ռուսաստանի համար համագործակցելու Սիրիայի անվտանգության և կայունության հարցերի շուրջ՝ հիմնվելով իրենց մտահոգությունների վրա:
Թուրքիայի, Ռուսաստանի և Մինսկի խմբի ու ԵԱՀԿ մյուս անդամների միջև կուլիսային գործարքները կարող են ընդգրկել Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշումն ավելացնելու հարցը, որպեսզի վերջիններս վերջնականապես լուծեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Երկու երկրներն էլ ռազմավարական շահ ունեն այդպես գործելու, որպեսզի դառնան վստահելի տարածաշրջանային ուժեր: Այնուամենայնիվ, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը շատ տարբեր են նույնիսկ Սիրիայում. Ռուսաստանը կենտրոնացել է իր նավահանգիստն ամրապնդելու, դաշնակցին օժանդակելու և իսլամիստական ահաբեկչության սպառնալիքը նվազեցնելու հարցերի վրա, մինչդեռ Թուրքիան ավելի շատ անհանգստացած է իր սահմանների անվտանգությամբ և Սիրիայում ու Իրաքում քրդական խմբերի դերակատարմամբ, թեև թուրքերին նույնպես մտահոգում է ծայրահեղ իսլամի տարածման վտանգը:
Մինչ այս բազմազան շահերն ինչ-որ չափով համընկնում են Սիրիայում՝ ստիպելով աշխատել միևնույն նպատակի ուղղությամբ, այս երկու երկրների շահերը խիստ տարբեր են ու արմատացած Հարավային Կովկասում և թույլ չեն տալիս, որ որևէ ընդհանուր նպատակ դառնա առաջնահերթություն: Իրականում Ռուսաստանն ու Թուրքիան կարող են օգտագործել իրենց ազդեցությունն ու գործողությունները մի տարածաշրջանում` մյուս տարածաշրջանում իրավիճակը սրելու կամ ավելի բարենպաստ բանակցային պայմաններ շահելու համար: Եթե այդպես լինի, ապա պարտադիր չի, որ Սիրիան ազդի Հարավային Կովկասի վրա, բայց այս երկու տարածաշրջանն էլ կարող են դառնալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավելի լայն խաղի մասը՝ պայքարելով թե՛ Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում ազդեցության համար: