ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 21-ի կեսօրին Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը և Հայ կաթողիկե առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանն այցելել են Հալեպի հայկական ծերանոց:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Շահան Սրբազանին և Գերապայծառ Միրիաթյանին ծերանոցի մուտքի մոտ դիմավորել են տնօրեն Ավո Գաթրջյանը և խնամակալության փոխատենապետ Սիմոն Տեր-Սահակյանը:
Առաջնորդներն եղել են ծերերի սենյակներում, զրուցել նրանց հետ և տեղեկություններ ստացել նրանց ապրելակերպի մասին: Նրանք քաջալերել, օրհնել են ծերերին:
Ծերանոցի տնօրեն Ավո Գաթրջյանը մանրամասն խոսել է ծերերի առողջական վիճակի, սենյակների, կենցաղային դժվարությունների, անձնակազմի, տեղի ունեցած վերանորոգման աշխատանքների ու առաջիկա ծրագրերի մասին: Նա նաև նշել է նվիրատվությունների մասին, որոնք օգտագործվում են հաստատության կարիքները հոգալու նպատակով:
Գերշ. Տ. Շահան Ս. Արք. Սարգիսյանն ու Տ. Պետրոս Արք. Միրիաթյանն աղոթքներով, լավ տպավորություններով, հույսով ու վստահությամբ հեռացել են ծերանոցից: