lragir.am – Վերջին երկու ամիսներին Սիրայից Հայաստան է եկել մոտ 600 սիրիահայ, հոսքը շարունակվում է: Շուտով Հայաստանում հաստատված սիրիահայերի թիվը կհասնի 13 հազարի: Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրահայերի հարցով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը՝ նշելով, որ հունիս-հուլիս ամիսներին սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան ավելացել է:
«Հիմնականում մտնում են Լիբանան և Լիբանանից օդային ճանապարհով Հայաստան են գալիս: Մայիսից 20-ից հետո մինչև այսօր արդեն 600 մարդ եկել են, հոսքը գնալով շատանում է, նրանք Սփյուռքի նախարարություն դիմածներն են, հնարավոր է հոսքն ավելի մեծ է, ճշտում ենք թվերը»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը:
Նրա խոսքով՝ նախարարություն դիմած սիրիահայերը չեն ասում, թե հետ են գնալու, այնպիսի տպավորություն է, որ եկել են մնալու Հայաստանում: Նախարարության պաշտոնյան նշեց, որ նկատել են՝ այս փուլում Հայաստան ժամանող սիրիահայերը ֆինանսական ավելի վատ վիճակում են, քան նախկինում եկածները:
«Ֆինանսական վատ վիճակում են, ունեցվածքը կորցրել ու եկել են: Ես հիշում եմ, որ երբ 2012 թվականին գալիս էին, զգացվում էր, որ իրենք ֆինանսական առումով ավելի կայուն էին, վարձով բնակարանները հիմնականում Սախարովի հրապարակի ու հարակից տարածքներում էին փնտրում: Իսկ հիմա իրենք հենց սկզբից էլ պատրաստ են ավելի ցածր գներով բնակարան վարձել՝ Նորքի զանգվածում, Քանաքեռ-Զեյքունում, երևում է, որ հնարավորություն չունեն: Իհարկե, կամ մարդիկ, ովքեր գալիս են, նրանց հենց բրոքերներն են դիմավորում, բարձր գներով տներ են առաջարկում, դա կարող է լինել Քանաքեռ-Զեյթունում, բայց բարձր գներով: Հիմա մենք որոշել ենք, որ եթե դիմեն մեզ, մենք ինքներս այդ բանակցությունները վարենք, որ շատ թանկ չլինի բնակարանը: Նրանց հիմնական խնդիրը վարձով բնակարանների վարձավճարներն են»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը:
Միաժամանակ, նա նշեց, որ շատ չեն դեպքերը, երբ Հայաստան եկող սիրիահայերնը դիմում են, որպեսզի իրենց փոխարեն վճարեն բնակարանների վարձերը: Մեծամասմաբ ասում են՝ իրենք կարող են վճարել, բայց ուզում են, որ բնակարանների գները մի փոքր էժան լինեն:
«Բայց կան նաև մարդիկ, որոնք չեն կարողանում վճարել: Վերլուծություն արեցինք, պարզվեց, որ 2012-13 թվականներին Հայաստան եկածները, ովքեր չեն կարողանում վճարել վարձերը, համարյա հավասար թիվ են կազմում վերջին ամիսներին եկածների հետ: Նրանք, որ եկել են այն ժամանակ, նրանք էլ լուրջ խնդիրներ ունեն, գումարները ծախսել են, մի զգալի մասը մաշեցրել են գումարները, չունեն: Կան հասարակական կազմակերպություններ, որ օգնել են 2012-13 թվականներին եկածներին, բնակարանների վարձերն են տվել, հիմա արդեն չեն ուզում տալ, ասում են՝ 2015 թվականի եկածներին պետք է օգնեն, նրանք ավելի վատ վիճակում են: Իհարկե, պատերազմի բերանից եկածներին օգնելը կարևոր է, բայց հնուց եկածներն էլ ունեն այդ խնդիրը”,- նշեց նա:
Զաքարյանի խոսքով՝ իրենց հրատապ խնդիրն է սիրիահայերին բնակարանների վարձով ապահովելը: Հասարակական կազմակերպություններին Սփյուռքի նախարարությունը խնդրում է օգնել այդ հարցով, մինչև սիրիահայերն աշխատանք կգտնեն:
Միաժամանկ Ֆիրդուս Զաքարյանն ասաց, որ սիրիահայերն աշխատանք գտնելու հարցում ունեն դժվարություններ, աշխատանք կա, բայց ոչ բարձր վարձատրվող:
«Իսկ իրենք սովոր են բարձր վարձատրվող աշխատանքի, որովհտև Սիրիայում ունեցել են բարձր աշխատանք, բարեկեցիկ են ապրել»,- ասաց նա: