ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում վերջին օրերին միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` նշելով, որ քանի որ բախումներով, պայթյուններով թեժ իրավիճակին վարժված են արդեն, ներկայիս համեմատաբար հանգիստ վիճակն անսովոր է, պայթյունների, կրակոցների ձայները բավական քչացել են:
«Մաղթում ենք, որպեսզի անակնկալներ չլինեն, և իրավիճակն այսպես շարունակվի»,- նշեց աղբյուրը:
Ինչ վերաբերում է քաղաքում էլեկտրականության ու ջրի առկայությանը, աղբյուրը տեղեկացրեց, որ ջրամատակարարումն անկանոն կերպով է լինում, իսկ էլեկտրականությունն արդեն երկու շաբաթ է չի վերականգնվել:
Հալեպը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ: