Սիրիայում շարունակվում են պատերազմական գործողություները. Հայաստանում հանգրվանած սիրիահայերն օր առաջ երազում են իրենց ծննդավայրը տեսնել խաղաղ ու անվտանգ: Թեև Հայրենիքում իրենց լավ են զգում, բայց կարոտի թևերով մտովի հաճախ են հասնում Սիրիա… Այդպիսի փոթորիկ կար նաև իմ սիրիահայ զրուցակցի` երիտասարդ երաժիշտ, երգահան Սարգիս Ադամյանի հոգում:
-Այդպե՞ս է, Սարգի՛ս…
-Անշու՛շտ: 8-9 ամիս է, ինչ Հայաստանում ենք, ուր մեզ շատ լավ են ընդունել, բայց ծննդավայրի կարոտը զգալի է: Ծնվել ու մեծացել եմ Հալեպում, կրթվել եմ այնտեղ. ավարտել եմ պետական երաժշտական ուսումնարանը:
-Այդ 8-9 ամիսների ընթացքում կարողացա՞ք աշխատանք գտնել Ձեր մասնագիտությամբ:
-Առաջին 3 ամիսներին, բոլորի նման, ես էլ սպասման վիճակի մեջ էի. մտածում էի` ուր որ է Սիրիայում վիճակը կշտկվի, բայց այդպես չեղավ… Այդժամ որոշեցի գնալ Սիրիա, իմ երաժշտական բոլոր գործիքները բերել Հայաստան, Երևանում հիմնադրել երաժշտական ստուդիա և ինչ-որ ծրագիր սկսել: Այդպես էլ արեցի:
-Հալեպում քանի՞ տարի եք զբաղվել երաժշտական գործունեությամբ և որտե՞ղ եք աշխատել:
-Մոտ 15-16 տարի է, ինչ երաժշտական աշխարհում եմ, իսկ պրոֆեսիոնալ աշխատանք կատարել եմ սիրիական հեռուստակայանում` գեղարվեստական ֆիլմերի, սերիալների, գովազդային հոլովակների համար երաժշտություն գրելով:
-Փորձե՞լ եք Երևանի պետական կոնսերվատորիայում երաժշտական բարձրագույն կրթություն ստանալ, կատարելագործել Ձեր գիտելիքները:
-Անկեղծորեն` ո´չ: Կոնսերվատորիայում շաբաթը մեկ օր սանթուրի գծով պրոֆեսոր Վարդան Դոլմաջյանի հետ պատրաստում ենք համերգային ծրագիր, ուր ես ունեմ իմ բաժին գործը` դաշնամուրով ընկերակցությունը (ես դաշնակահար եմ):
-Համամի՞տ եք, որ երաժիշտը, երգիչը երբեք քաղցած և անգործ չի մնա:
-Անպայմա՛ն, հե՛նց այդպես է: Ես մոտ 8 ամիս առաջ փափագ ունեի երաժշտական ստուդիա հիմնել, աշխատել և հիմնեցի: Ձայնագրություններ եմ անում, երաժշտական գործիքավորում. արդեն գուսան Հայկազունու մի քանի երգեր եմ գործիքավորել: Հաճախ
իմ անձնական երգերը, ստեղծագործություններն եմ գրում, ձայնագրում. դրանք կարող եք
գտնել համացանցի սոցիալական էջերում:
-Ո՞վ է Ձեզ ուղղորդել երաժշտական աշխարհ:
-Մեծ հայրս երաժիշտ է եղել, երևի արմատներիցս է գալիս այդ շնորհը: Մեծ հայրս թամբուր է նվագել. Դա հայկական լարային յուրօրինակ երաժշտական գործիք է, որը ես մինչև այժմ պահում, պահպանում եմ:
-Ձեր աշխատանքով կարողանու՞մ եք գումար վաստակել և հոգալ Ձեր ընտանիքի կարիքները:
-Այո՛: Ես անցած ամսից աշխատում եմ նաև «Բրավո» ռեստորանում, սինթեզատոր եմ նվագում:
-Ինչպե՞ս եք լուծել կեցության, բնակարանի հարցը:
-Բարեբախտաբար, վարձով չեմ ապրում. մի լավ բարեկամ ունենք, ով Երևանում չէ և իր բնակարանն առանց վճարի տրամադրել է մեզ: Ես, տիկինս և զավակս այդտեղ ենք բնակվում: Զավակս սովորում է Շահումյանի անվան դպրոցում, տիկինս միջատաբան, կենսաբան է և դասավանդում է հոս` «Կիլիկյան» վարժարանում:
-Երբ պատերազմական գործողություններն ավարտվեն Սիրիայում, և խաղաղություն հաստատվի, կվերադառնա՞ք Սիրիա, թե՞ մշտապես կհաստատվեք Հայաստանում:
-Մինչև սիրիական պատերազմն էլ մենք մտադրություն ունեինք գալ և հաստատվել Հայրենիքում, բայց այդ իրավիճակն ավելի արագացրեց մեր գործողությունների ընթացքը, և ամեն ինչ այսպես հապճեպ ստացվեց: Էլ վերադարձ չկա. մենք կմնանք Հայաստանում:
-Տուն, հարազատներ, ի՞նչ և ու՞մ եք թողել Հալեպում…
-Տուն ենք թողել, ծնողներս են այնտեղ, եղբայրս, եղբորս կինը… Թեև շատ դժվար նյութական, տնտեսական, անապահով վիճակ է, բայց մերոնք մնացին ու պայքարում են ամեն դժվարության դեմ:
-Սա Ձեր առաջի՞ն հանդիպումն էր Հայրենիքի հետ:
-Ո՛չ: Առաջին անգամ զբոսաշրջության նպատակով 2005-ին եմ եղել Հայաստանում, հաջորդ անգամ` 2011-ին:
-Հիմա արդեն համարյա երևանցի եք. հարմարվե՞լ եք մեր երկրի պայմաններին,
բարքերին, նոր ծանոթություններ, նոր ընկերներ. դժվար չէ՞ր…
-Այո՛, հարմարվել ենք, ընտելացել, ոչ մի խնդիր չունենք: Ե՛վ քաղաքն է գեղեցիկ, և՛ մարդիկ են հարազատ: Բազմաթիվ նոր ծանոթություններ եղան, նոր ընկերներ ձեռք
բերեցի: Ապրում ենք բոլորի նման, ամենակարևորը` ունենք խաղաղ, ապահով կյանք:
Ես Հայաստանը շատ եմ սիրում. եղել եմ տեսարժան շատ վայրերում, բայց մեծ խորհուրդ ունի ինծի համար Տաթևի վանքը:
-Հաճախակի՞ եք լինում Սփյուռքի նախարարությունում:
-Անպայման պիտի մեծ շնորհակալություն հայտնեմ Սփյուռքի նախարարության բոլոր աշխատողներին, մասնավորապես հարգարժան նախարարուհի տիկին Հրանուշ Հակոբյանին, ով շատ մեծ աշխատանք է կատարում: Ես Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող վարչության անդամ եմ և հաճախակի եմ լինում նախարարությունում:
-Կարողանու՞մ եք հասարակական վայրեր հաճախել, ժամանակ գտնու՞մ եք ներկայացումների, համերգների ներկա գտնվելու:
-Իմ աշխատանքը շատ ժամանակ է խլում. զբաղվածությունս մեծ է, բայց շատ փափագ ունիմ Նժդեհի մասին ֆիլմը դիտել: Վերջերս Սունդուկյանի «Խաթաբալա»-ն ենք նայել, մի խոսքով` ապրում ենք բոլորի նման: Մեծ շնորհակալություն բոլորին, ովքեր դժվարին պահին աջակից եղան մեզ:
Զրուցեց Կարինե Ավագյանը
«Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական