Այսօր, ցավոք, Սիրիայում վիճակը մնում է ծանր, լարված, տագնապներով լեցուն, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեկ ժամ հետո այդ խաղաղ պայմաններում ռումբեր չեն նետվի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ «Արդեն ամբողջ Սիրիան դարձել է ռազմադաշտ, և ցավոք սրտի, թիրախ են դառնում քրիստոնեական թաղամասերը՝ նաև հայկական»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Սիրիայում մնացած հայերին, ապա նախարարն ասաց, որ նրանց մի հատվածը որոշում ընդունեց տեղափոխվել ավելի խաղաղ շրջաններ, իսկ մյուս հատվածը՝ չի ցանկանում հեռանալ, ինչն իրենց որոշելիքն է։ «Այնտեղ գործում է շտապօգնություն կոչվող ծառայությունը, նրա կազմում մեր երեք հոգևոր կառույցների ղեկավարներն են, դասական կուսակցությունների ներկայացուցիչներն են»,- ասաց նա և նշեց, որ երկու դիվանագիտական ծառայություն այնտեղ գործում են, թեև գրեթե բոլոր երկրները փակել են այնտեղի իրենց ծառայությունները:

«Մենք ամեն օր աշխատում ենք շտապօգնություն ծառայության հետ և այսօր նրանց հիմնական խնդրանքն է մեզանից նյութական, ֆինանսական օգնություն: Սննդի ու հագուստի կարիք չունեն»,- ասաց նա և նշեց, որ դրա համար մենք դիմել են այն կազմակերպություններին, որոնք սիրիահայերի հիմնախնդիրներով են զբաղվում, որպեսզի նրանք շարունակեն ու հնարավոր ձևերը գտնեն աջակցելու, ինչպես նաև հոգևոր կառույցների հետ են աշխատում։

Նախարարը նշեց, որ թեև գիտեն հիմնականում ինչ է նրանց անհրաժեշտ, սակայն այնտեղ գտնվող հայաստանյան պատվիրակության վերադառնալուց հետո կհստակեցվի ամեն ինչ և եթե նորից օգնության կարիք լինի կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի:

Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ վերջին օրերի ընթացում արդեն 250 հոգի սիրիահայ է եկել, որոնց բնակարանային վարձի, առողջապահական և այլ հարցեր կարգավորում են։

Անդրադառնալով Նոր Հալեպի կառուցմանը՝ նախարարն ասաց, որ այդ ծրագիրը նախաձեռնել են սիրիահայերը, իսկ պետությունն ընդամենը օգնել է՝ այս կամ այն հարցում, մասնավորապես հողատարածք, ճարտարագիտական լուծումների հետ կապված, իսկ մնացածը՝ թե երբ գումար կունենան, երբ կկառուցեն իրենք են որոշելու։