1in.am – Սիրիահայությունը հիմա երկընտրանքի մեջ է. այստեղի իր ողջ մշակութային ու ազգային ժառանգությունը ջնջի ու դո՞ւրս գա, թե մնա։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։

«Իհարկե, կա ժողովրդին փրկելու հարցը, բայց կա նաև մեր ազգային, մշակութային արժեքների ու հարստությունների հարցը։ Տարհանումը վերջին 4 տարիներին միշտ էլ քննարկման նյութ է եղել։ Հարցն այն է, որ սա անձնական որոշում է, ամեն մարդ ինքն է որոշում։ Բայց կա մյուս հարցը՝ ովքեր պիտի մնան, նրանց պետք է տեր կանգնել ու օժանդակել, իսկ ովքեր պիտի դուրս գան` գոնե նրանց առաջնորդել դեպի Հայաստան։ Իսկ եթե մարդն իր բախտը որոշել է արևմտյան ափերին դասավորել, դա էլ իր որոշումն է։ Համենայնդեպս, Հայաստանի կառավարությունը պետք է օժանդակի, որպեսզի այնտեղի հայերին ապահովի տեղում։ Ի վերջո, ռազմական գործողություններ են ընթանում ու մեր համայնքային ու եկեղեցական ուժերը չեն բավարարում մարդկանց օժանդակելու համար»,-ասաց Արմաշ սրբազանը։

Անդրադառնալով սիրիահայերի, մասնավորապես, հալեպահայերի կեցության պայմաններին՝ նա նշեց, որ ունեն շտապօգնության մարմին, որ բնակչության օգնության խնդիրներով է զբաղվում։

«Կենցաղային պայմանները շատ դժվար են, ջուր և հոսանք չկա, բացի այդ շատ վտանգավոր է։ Այնպես չէ, որ մարտերն ընթանում են մեր թաղամասերում, բայց այնքան մոտ են, որ հրթիռակոծումներին զոհ են գնում թե մեր ժողովուրդը, թե բնակարանները։ Մեկ օր հանգիստ է, երկու օր վտանգավոր, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Հիմա, ըստ երևույթին, Սիրիայի բանակն ու կառավարությունն աշխատանքներ են տանում, որպեսզի կարողանան ինչ-որ ապահովություն ստեղծել, ինչը հիմա շատ դժվար է և շոշափելի ապագայում ես դրա հեռանկարը չեմ տեսնում։ Համենայնդեպս, վերջին դեպքերից սիրիահայությունը շատ ցնցվեց, որովհետև զինյալների կողմից հրթիռակոծությունը մեր թաղամասերի մեջ է արդեն»,-ընդգծեց Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է սննդին, ամեն բան էլ կարելի է ճարել, բայց օգնության իմաստով մենք ապահովում ենք միայն բրինձ ու ոսպ, քանի որ դրանք բերելու տեղավորելու բաշխելու ընթացքում չի փչանում։ «Երբ վիճակը մի փոքր լավ էր, մենք այլ ուտելիքներ էլ ներառեցինք օգնության մեջ»,-ասաց նա։

«Միանշանակ է, որ մենք այստեղ մեծ ժառանգություն ունենք, որը ստեղծել ենք երկար տարիների ընթացքում՝ մեր եկեղեցիները, կալվածքները, վարժարանները, միությունները, մեր մշակութային ներկայությունը։ Սա մեծ հարստությունն է, որը միայն ժողովրդով կարելի է պահպանել։ Իբրև ղեկավարություն մեզ համար մեծ մտահոգություն է ոչ թե փոքր ընտանիքի, այլ նաև մեծ ընտանիքի պահպանությունը, ինչպիսիք են դպրոցը, եկեղեցին, միությունները և այլն»,-ընդգծեց Արմաշ սրբազանը։

Հարցին, թե սիրիահայերի քանի տոկոսն է պատրաստ տեղափոխվելու Հայաստան և արդյոք այդ ճանապարհին դժվարություններ ու խոչընդոտներ չկան, նա պատասխանեց. «Իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ ուզում են դուրս գալ այստեղից։ Բնականաբար, առաջին վայրը Հայաստանն է, և Հայաստանի կառավարությունը պետք է որոշակի պայմաններ ստեղծի, տեղ տա Հայաստանում։ Հայաստանը պետք է պատրաստ լինի ու միջոցներ տրամադրի, եթե կան մարդիկ, որոնք ուզում են գալ ու հաստատվել Հայաստանում։ Նրանց աշխատանքի ու բնակության վայրի հարցերը պիտի ինչ-որ կերպ լուծվեն, որ մարդիկ կարողանան հարմարվել, ընտելանալ, միաձուլվել հայաստանյան իրականությանը, կարողանան իրենց կյանքն այնտեղ դասավորել»։

Սիրանույշ Պապյան