azatutyun.am – Հալեպում պատերազմի թոհուբոհի մեջ կյանքը շարունակել փորձող հալեպահայերը Հայաստանի կառավարությանը խնդրում են աջակցել իրենց պատերազմի գոտուց դուրս բերելու հարցում։

«Հատկապես վերջին օրերին, երբ Հալեպի քրիստոնեական թաղամասերում ահագնացել են հրթիռակոծությունները՝ պատճառ դառնալով զոհերի և վիրավորների՝ այդ թվում հայերի շրջանում, Սիրիայից դուրս գալու հարցն ավելի հրատապ է դարձել», – «Ազատության» հետ զրույցում ասացին զրուցակիցները։

Հալեպահայերը բոլոր հնարավոր ուղիներով՝ այդ թվում համացանցի միջոցով, կոչ են անում տարհանել իրենց։

Երևանաբնակ Նարինե Սարգսյանն արդեն երկու շաբաթ էր որևէ տեղեկություն չուներ Հալեպում գտնվող իր հարազատների մասին։ Այսօր միայն կարողացավ կապվել մոր հետ, ով իր և Հալեպում մնացած շատ սիրիահայերի անունից այս խնդրանքը փոխանցեց Հայաստանի կառավարությանը. – «Մենք մենակ խնդրում ենք Կառավարությունից, որ մեզ օգնեն անվտանգ Երևան հասնել։ Մեր պես շատերը կան, բայց չեն կարողանում դուրս գալ, չգիտենք՝ ո՞ւմ դիմել, օգնություն էլ չկա, միայն ուտելիք՝ բրինձ, ոսպ…, ֆինանսական միջոցներ չկան Հալեպից դուրս գալու համար»։

Հալեպում մահվան ամենօրյա սպառնալիքի տակ ապրող բազմաթիվ այլ հալեպահայերի նման Նարինեի մայրը՝ Հրանուշ Առաքելյանը բնակվում է կիսավեր շենքում, որտեղ չկա ջուր և էլեկտրականություն։

«Երեկ չէ առաջին օրը վտանգների տակ էինք՝ քրիստոնեական տեղն էր զարկվում, վիրավորները շատ են, կեսն էլ մահացած։ Լույս չկա, ջուր չկա։ Մահացածների թվում հայեր չկան, բայց բավական վիրավորներ կան։ Մեր տունը քանդվել է՝ այրել են, թալանել են, ուզում ենք դուրս գալ, բայց չենք կարողանում», – ասաց Առաքելյանը