ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանում մարտի 17-ին խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոսքն իր բովանդակությամբ նման է Ցեղասպանությունը ճանաչած այլ երկրների հրապարակումներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո Թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն՝ ավելացնելով, որ նմանատիպ խոսք հնչել է նաև նախորդ տարի, որտեղ 13 պատգամավոր ներկայացրել են Ցեղասպանությունը դատապարտող ելույթներ, առանց եզրահանգման խոսքի: Ռեիսյանի դիտարկմամբ՝ այս տարի ելույթների թիվը գերազանցել է երկու տասնյակը և խորհրդարանի նախագահը հանդես է եկել ամփոփիչ-եզրափակիչ խոսքով: «Սիրիայի խորհրդարանում ոչ ոք հակառակ, այսինքն դատապարտող ելույթով հանդես չի եկել»,- նշեց Ռեիսյանը:
Նա առանձնացրեց Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին հնչած խոսքի վերաբերյալ չորս կարևորագույն կետեր:
Ա. Խորհրդարանում հստակ հնչել է «ցեղասպանություն» բառը:
Բ. Խորհրդարանի նախագահն իր ամբողջական զորակցությունն է հայտնել հայ բարեկամ ժողովրդին և Սիրիայում ապրող հայերին՝ ոգեկոչելով ցավալի իրադարձության 100-րդ տարելիցը:
Գ. Կոչ է ուղղվել միջազգային ընկերություններին և աշխարհի ժողովուրդներին՝ միասնաբար դիմակայելու և սատար կանգնելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, որին ենթարկվում է Միջին Արևելքը:
Դ. Այս կետն առավել տպավորիչ է. խորհրդարանի նախագահը կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել նահատակների հիշատակը:
«Այս բոլորը ստորագրված գրություններ չեն, սակայն վավերական իրականություններ են»,- եզրափակեց Ռեիսյանը:
Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը մարտի 17-ին խորհրդարանում գումարած նիստի ընթացքում հայտնել է. «Մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, Սիրիայում ապրող մեր հայ հարազատներին, ովքեր հարյուր տարի առաջ Օսմանյան կայսության կողմից ենթարկվել են հավաքական Ցեղասպանության»: