yerkir.am – Մարտի 21-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մոհամմադ Ջիհադ ալ Լահամն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ դեսպան Փոլադյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահին փոխանցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհակալական նամակը՝ մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստ գումարելու, այդ ծանր հանցագործությունը դատապարտելու և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու վերաբերյալ:

Նամակում ՀՀ ԱԺ խոսնակը առանձնակի երախտագիտություն է հայտնել «Սիրիայի ժողովրդին, որն իր դռները բացեց և ապաստան տվեց Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին:

Սիրիայի ժողովրդի և նրա առաջնորդների մարդասիրական վերաբերմունքը մշտապես հիշվում է և բարձր է գնահատվում հայ ժողովրդի կողմից»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակում: Զրույցի ընթացքում Մոհամմադ Ջիհադ ալ Լահամը հերթական անգամ անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը` միաժամանակ միջազգային հանրությանը կոչ անելով անհապաղ դատապարտել մարդկության դեմ իրականացված անասելի ծանր այդ հանցագործությունը: Իր հերթին դեսպան Փոլադյանը զրուցակցին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային արդի խնդիրներ:

Աղբյուրը՝ aremeniangenocide100