yerkirmedia.am – Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնում այսօր բացվել է «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով եռօրյա ցուցահանդեսը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում այն կազմակերպել է Սփյուռքի նախարարությունը` Հայ բարեգործական ընդհանուր միության եւ «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» կազմակերպության աջակցությամբ:

Ցուցադրանքում ներկայացված են սիրիահայ երեխաների աշխատանքները: «Կործանված եկեղեցիներ ու մզկիթներ», «Պատերազմական առօրյա», «Կյանքի ու մահվան եզերքին», «Անտուն մարդիկ» եւ այլն: Հալեպահայ երեխաները նկարների միջոցով փորձել են պատերազմական օրերի իրենց հոգեվիճակն արտահայտել: Ցուցահանդեսի ներկայացված 32 աշխատանքները նվիրվել են Հալեպի Սարյան ակադեմիայի 60-ամյակին:

Հրազդան Թոքմաջյանը, որն ակադեմիայի ուսուցիչներից է, հպարտորեն ներկայացրեց իրենց սաների աշխատանքները՝ ասելով, որ բոլոր երեխաներն էլ հոգու խորքում հավատում են, որ իրենց կյանքը կփոխվի, եւ դա ընդգծված է նրանց նկարներում: «Համոզված եմ, որ նրանք ուրախ պիտի կլինեն, որ այսօր երեկյան, եթե հոսանք ունենան, հեռուստացույցով դիտեն, որ իրենց նկարները ցուցադրվում են, պիտի գիտենան, որ էդ նավը էդքան էլ չի ընկղմվում եւ այս պատերազմը մի օր կվերջանա»,- հույս է հայտնում ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանը:

Սփյուռքահայ երեխաներն երաժշտությամբ ու ասմունքով հալեպահայության կարոտն էին բերել Հայաստան: Սփյուռի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հիացմունքը փոխանցեց. «Մեզ հնարավոր չէ կտրել մեր էությունից, մեր գոյությունից, որովհետեւ հայը, ինչպիսի պայմաններում էլ որ եղել է, միեւնույն է, մշտապես ստեղծագործել է»,- ասել է նա:

Երեւանի գեղարվեստի ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանի խոսքով` ոչ մի ժողովուրդ այդ պայմաններում արվեստով չէր զբաղվի, միայն հայը կարող էր, որովհետեւ հայն արարման, ստեղծման, սիրելու եւ ստեղծագործելու համար է լույս աշխարհ եկել:

Նա ավելացրեց, որ այս ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները դրա վառ ապացույցն են: «Ես չգիտեմ ուրիշ այլ ազգ, որն այս պայմաններում նկարի: Սա մեր դեմքն է, որով աշխարհին ներկայանում ենք»,- ասել է Երեւանի գեղագիտության ազգային կենտրենի տնօրեն Լեւոն Իգիթյանը: Սփյուռքի նախարարությունը Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաներին պատվոգրեր շնորհեց, իսկ Հրազդան Թոքմաջյանին պարգեւատրեց Արշիլ Գորկու մեդալով:

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=24735#video