news.am – Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հայերը պետք է հանդես գան նոր ծրագրով, մեր հակառակորդների հետ պետք է նոր լեզվով խոսենք: Այս մասին փետրվարի 4-ին Հայոց ցեղասպանության թեմայով կայացած համաժողովի ժամանակ հայտարարեց սիրիահայ Գառնիկ Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը որոշակի ուժերի կողմից ընտրվել է որպես արդյունավետ գործիք՝ որոշակի հարցեր լուծելու համար: «Ժամանակն է, որպեսզի մենք նոր տեսքով հանդես գանք: Մենք պետք է իրերն իրենց անուններով կոչենք՝ հասկանալու համար, թե ինչու է մեր ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրագործվել»,- նշեց Գառնիկ Սարգսյանը:
Նա նաեւ հավելեց, որ Հայոց ցեղասպանությունը սերտորեն կապված է համաշխարհային միասնական կառավարությունը ստեղծելու ծրագրի հետ, եւ հայերը խանգարում էին այդ ծրագրին:
«Հայոց ցեղասպանությունը չի սկսվել 1894 թվականին եւ չի ավարտվել 1923-ին: Այդ ծրագիրը սկսվել է հարյուրավոր տարիներ առաջ»,- ընդգծեց Գառնիկ Սարգսյանը: Նա հիշեցրեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Լորենսի խոսքերը, որը մասնակցել է 1916 թվականին Փարիզում խաղաղության պայմանագրի կնքմանը: «Լորենսն ասաց, որ Հայկական հարցի միակ լուծումը հայերի ամբողջական ոչնչացումն է: Անգլերենով դա հստակ է հնչում՝ «kill them off», այնուհետեւ ավելացրեց. «Բոլորին»: Լոուրենսը նաեւ դժգոհություն հայտնեց, որ թուրքերը գործը մինչեւ վերջ չհասցրեցին՝ ամերիկացիներին կոչ անելով անել դա»,- պատմեց Գառնիկ Սարգսյանը: