“Հայաստան” համահայկական հիմնադրամը Հեռուստամարաթոն 2012-ի շրջանակներում հավաքագրած միջոցներից նոր գումարներ է նպատակաուղղում սիրիահայության աջակցության ծրագրերին:

Ի հավելումն Հալեպի հայկական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի վճարմանն արդեն իսկ ուղղված միջոցների (100.000 ԱՄՆ դոլար Լիբանանի ռադիոթոն եւ 50.000 եվրո Ֆրանսիայի հեռախոսամարաթոն), առաջիկա երեք ամիսների ընթացքում Հիմնադրամը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով եւս 200.000 ԱՄՆ դոլար երկու փուլով կուղղի մեր սիրիահայ հայրենակիցների խնդիրների լուծմանը:

Ինչ վերաբերում է հայաստանյան երկու տասնյակից ավել բուհերում սովորող սիրիահայ ուսանողների ուսման տարեկան վարձավճարների փոխհատուցմանը, որն իրականացվում է համաձայն Սփյուռքի նախարարության տրամադրած ցանկի եւ ուսումնական հաստատաություններից ստացված տեղեկանքների, ծրագրին կհատկացվի եւս 10 միլիոն 800 հազար ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ նախորդ ամիսների ընթացքում այս նպատակով ծախսվել է 17 միլիոն 177 հազար ՀՀ դրամ, եւ ծրագիրն ունեցել է 69 շահառու: