ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախատեսած 15-16 ծրագրերից ոչ մեկը չի ձախողվել, ընդհակառակըˋ դրանք ընդլայնվել և ավելացել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ դեկտեմբերի 25-ին ամփոփիչ ասուլիսին այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Քաղաքական առումով տարվա ձեռքբերումներից կարելի է համարել Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովը, որի արդյունքում 2015-2017 թվականի ծրագրերը մշակելիս մենք հաշվի ենք առնում նաև համաժողովի ընթացքում սփյուռքահայերի կատարած առաջարկությունները և կարծիքները: Արքայազն Չարզի այցը հայկական համայնք, աշխատանքները ծպտյալ հայերի հետ»,- նշեց Հակոբյանը:
Նրա խոսքովˋ նախարարությունն իրականացրել է 2014 թվականի երեք գերակա խնդիրներից բխող միջոցառումներն ու ծրագրերը: Հուլիսի 7-ից օգոստոսի 2-ը Երևանում գործել է «Սփյուռք» ամառային դպրոցը, որին մասնակցել են 222 սփյուռքահայˋ աշխարհի 22 երկրից: «Լիբանանի Հայկազյան համալսարանից բացի չկա որևէ հաստատություն, որտեղ մեր երեխաները կարող են պատրաստվել կամ վերապատրաստվել, ուստի կարևոր ձեռքբերումներից կարելի է համարել արևելահայերենի և արևմտահայերենի արագացված ուսուցման կազմակերպումը»,- ընդգծեց Հակոբյանը:
Իսկ հուլիս-հոկտեմբերին իրականացված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն իր շուրջն էր համախմբել 16 երկրից ժամանած մոտ 1500 հայերի: Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել 37 պարախումբ, աշխարհի ինը երկրից ժամանած 15 և հայաստանյան 4 երգչախումբ, 20 ասմունքող, առաջին անգամ կազմակերպվել է «Դուդուկի փառատոն», որին մասնակցել են 14 դուդուկահար հինգ երկրից և Արցախից, Կոմիտասի ծննդյան օրըˋ սեպտեմբերի 25-ին երկրորդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «Հայ երգի օր» փառատոնը:
Այս տարի Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչությանն ուղղված «Արի տուն» ծրագրին մասնակցել է 1071 երիտասարդ: Առաջին անգամ ծրագրին մասնակցել են Դիրաբերքիրից ժամանակ 48 իսլամացած հայեր: «Արի տան» նորություններից էր նաև այն, որ առաջին անգամ ծրագրին մասնակցեցին Արցախից և Սիսիան քաղաքից երեխաներ»:
2014 թվականը նշանավորվեց նաև աշխարհի տարբեր կետերում բռնկված հակամարտություններով և ռազմական գործողություններով: Այդ աղետների հետևանքով ՀՀ-ում ապաստանած սիրիահայերի, ուկրաինահայերի, իրաքահայերի և այլ երկրներից եկած սփյուռքահայերի իրավական, սոցիալական առողջապահական կրթական խնդիրներին անդրադառնալու համար նախարարությունը կազմակերպել է «Սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպում» ծրագիրը: «Եթե 2010 թվականին 422 սիրիահայ էր ցանկացել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, ապա 2014-ին 3300 սիրիահայ դարձել են ՀՀ քաղաքացիներ»,- ասաց նախարարը: