ՀԱԼԵՊ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցու ներքնասրահում, տեղի է ունեցել «Ուրֆայի Ասեղնագործություն» գրքի Ա. հատորի շնորհանդեսը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Շնորհանդեսին մասնակցում էին հալեպահայ երեք համայնքապետերը, ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, հատորի հեղինակ, արվեստաբան և գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանն ու արվեստասեր հյուրեր:

«Ուրֆայի Ասեղնագործություն» գրքի բովանդակությունը համառոտ ներկայացրել է հալեպահայ մտավորական, գրող Պերճուհի Ավետյանը՝ վերառնելով գրքի գեղարվեստական և վավերագրական արժեքն ու մեջբերելով հեղինակի վերլուծական նշումները: Նա նաև ավելացրել է, որ Հալեպի պատերազմական պայմաններում անգամ մշակութային այս յուահատուկ աշխատանքը, հատկապես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին, վկայությունն է մեր ժողովրդի անմահության:

Հատորի ծննդոցը ներկայացրել է հեղինակ Հրազդան Թոքմաջյանը՝ նշելով. «Հատորի հրատարակության մեր ճամփարդությունը սկսվել է Սիրիայի փոթորկալից ծովում, սակայն շնորհիվ մեր համառ աշխատանքի և Սրբազան Հոր մշտական քաջալերանքի, այսօր հասանք այստեղ՝ խաղաղ նավահանգիստ ու լույս բերեցինք տարիների աշխատանք խլած այս հատորը»: Նա նաև ավելացրել է, որ աշխատանքը նաև հայրենիք-սփյուռք գործակցության ցայտուն արգասիք է, ապա շեշտել է հալեպահայ գաղութի կարևորությունը` որպես պատմական հայրենիքի ժառանգության գլխավոր պահապան:

Այնուհետեւ տեղի է ունեցել «Ուրֆայի Ասեղնագործություն» հատորի գինեձոնը` մասնակցությամբ հայ երեք համայնքապետների, ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսի և հեղինակի։ Ապա հեղինակը մակագրել է ներկաներին տրամադրված նորատիպ հատորի օրինակները։