aysor.am – Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի նախաձեռնությամբ իրականացվում է «100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» և «100 ՀԿ-ները՝ սիրիահայ 100 երեխաների համար» ծրագրերը:
Պարբերականի գլխավոր խմբագիր Նաիրի Մկրտիչյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծրագրի նպատակն է հիշել Ցեղասպանությունը և պահանջել, որ պատմությունը չկրկնվի, ինչպես նաև հանրության ուշադրոթյունը սևեռել սիրիահայերի խնդիրների վրա:
«Պատերազմի պատճառով երկիրը լքած սիրիահայերի սոցիալական վիճակը այնքան էլ լավ չէ, քանի որ երկիրը լքելուց հետո սոցիալապես միջին խավ համարվող ընտանիքները ծախսել են իրենց ունեցած գումարները և այժմ սոցիալապես լավ պայմաններում գտվող նման ընտանիքները շատ քիչ են: Մեր նպատակն էր ուշադրություն սևեռել նրանց խնդիրների վրա՝ երեխաների միջոցով, հատկապես մեծ ուշադրություն դարձվել է մարզերում բնակվող երեխաներին: Օրեր առաջ ծրագրի մեջ ընդգրկվել են նաև 18 ուկրաինահայ երեխաներ, ովքեր երկրում տիրող անկայուն վիճակից հետո տեղափոխվել են Հայաստան»,- ասաց նա:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի 100 հայտնի մարդիկ, Հայաստանի մարզերում և Երևանի ծայրամասերում բնակություն հաստատած 100 սիրիահայ երեխաների համար «100» ամանորյա նվերներ պետք է պատրաստեն:
Ն. Մկրտիչյանի խոսքով՝ գրեթե բոլորը, ում դիմել են, մեծ ոգևորվածությամբ են ընդունել իրենց առաջարկը, և կան հայտնիներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել մի քանի երեխայի համար նվերներ պատրաստել:
Ծրագրի գլխավոր գործընկերը «Ջամբո» ռեստորան-զբոսայգին է, որտեղ էլ դեկտեմբերի 23-ին 100 սիրիահայ երեխաներ կստանան իրենց նվերներ:
Ռեստորանում երեխաների համար անակնկալներ են սպասվում՝ երեխաները կծանոթանան հայկական լավաշի պատրաստման եղանակին, կտեսնեն տեղի կենդանիների խաղերը, կլսեն ծրագրին մասնակից երգիչների կատարումները, իսկ միջոցառման ավարտին կստանան իրենց ամանորյա նվերները:
Ծրագրին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել արդեն 70-ից ավելի հայտնիները՝ այդ թվում Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Հասմիկ Կարապետյանը, Ալլա Լևոնյանը, Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նազիկ Ավդալյանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Արամեն, Լեյլա Սարիբեկյանը, Սիպիլը, Սիլվա Հակոբյանը, Միհրան Ծառուկյանը, Vitamin ակումբի տղաները, Ռուբեն Սասունցին, Հրաչ Մուրադյանը, Գոհար Հարությունյանը, Լուսինե Բադալյանը, Ժակը, Դալիթան, Անգելինա Գասպարյանը, Քրիստինե Պեպելյանը, Աիդա Սարգսյանը, Լուիզա Ղամբարյանը, Լուիզա Ներսիսյանը, Իրինա Թովմասյանը, Լուսինե Թովմասյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկո), Ավետ Բարսեղյանը, Արմինկան, Արտավազդ Ամիրյանը, Տիգրան Պետրոսյանը, Գայանե Ասլամազյանը, Արտյոմ Վարդանյանը և ուրիշներ:
http://www.aysor.am/am/news/2014/12/10/%D5%BD%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1/883148