tert.am – Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ կեսօրից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով քաղաքն ուժգնորեն ցնցվել է:
Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, պայթյունը զգալի է եղել նաև հայկական թաղամասերում:

Զինյալ խմբավորումները պայթյունն իրականացրել են Հալեպի պատմական բերդի մոտակայքում գտնվող Սուլթանիե մզկիթի մոտ, ինչի հետևանքով մարդկային և նյութական զգալի կորուստներ են արձանագրվել:

Պայթյունը երկրաշարժի նման է եղել, ինչի հետևանքով ցնցվել է գրեթե ողջ քաղաքը:

Tert.am-ի հալեպահայ աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին օրերին իրադրությունը համեմատաբար հանդարտ է Հալեպի հայահոծ շրջաններում, չնայած հարակից շրջաններից պարբերաբար մարտերի ձայներ են լսվում:

Հալեպի բնակիչներին, սակայն, տարատեսակ պայթյուններից ու ռմբակոծություններից ավելի սկսել է անհանգստացնել ստեղծված սոցիալական ծանր իրավիճակը:

Հալեպում այս օրերին վառելանյութ գտնելը շատ դժվար է, քանի որ կամ չկա, կամ էլ չափազանց թանկ է ու բնակիչների համար անհասանելի:

Էներգամատակարարումը, հեռախոսակապն ու ինտերնետը շարունակում են էական խափանումներով աշխատել: Որոշ թաղամասեր ողջ օրվա ընթացքում մեկ կամ երկու ժամ են էլեկտրաէներգիա ունենում: