ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի մասնաճյուղը 50 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանում հաստատված սիրիահայերի կարիքները հոգալու համար: Այդ գումարի մեծ մասը հատկացվել է Հայաստանի պետական ուսումնական կենտրոններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը վճարելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 7-ին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադրման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանն ասաց ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանը:
Սիրիահայերի խնդիրներով զբաղվող այս կազմակերպությանը շնորհավորելու էր եկել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով, ողջունելով ներկաներին, շնորհավորեց կառույցի երկամյակի առթիվ և շնորհակալություն հայտնեց անցած երկու տարիներին իրենց առաքելությունը պատվով իրականացրելու համար: «Կենտրոնը կարողացել է ճիշտ կազմակերպել իր աշխատանքները մյուս կառույցների հետ: Իմ կարծիքով՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը քաղաքացիական հասարակության կայացման լավագույն օրինակ է: Շնորհակալություն նաև ՀԲԸՄ-ին, որ առաջին օրերից օգնության ձեռք է մեկնել, աջակցել ու ուժ է տվել: Հատուկ շնորհակալություն մեր բոլոր բարերարներին, բարի կամքի տեր մարդկանց, ովքեր Հայաստանում թե Սփյուռքում օգնության ձեռք մեկնեցին դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին»,- նշեց նախարարը:
Հոբելյանի առթիվ Սփյուռքի նախարարը ազգանվեր աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց Լենա Հալաջյանին, Ալեքսան Կարադանայանին, Ջորջ Բարսեղյանին, Նորա Փիլիպոսյանին, Թամար Ղարագյոզյանին, Գևորգ Շադոյանին և Սարգիս Ադամյանին:
Ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ով շնորհավորեց հասարակական կազմակերպությանը տարեդարձի առթիվ և շնորհակալություն հայտնեց պրոֆեսիոնալ և կամավոր աշխատանքի համար:
Միջոցառման շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի մասնաճյուղի կողմից սիրիահայ 400 դպրոցահասակ երեխաներին աջակցելու նպատակով տրամադրված դրամական օժանդակության առթիվ շնորհակալական խոսքով ու երաժշտական կատարումներով հանդես եկան սիրիահայ երեխաները: