ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպն արդեն մի քանի օր հոսանքազրկված է, քաղաքը խավարի մեջ է: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը: Էլեկտրականության բացակայության պատճառով քաղաքում նաև ջրի տագնապ է: Ժողովուրդն օգտվում է հորերից, ամբարած ջրերից: Ինքնաբերաբար բարձրացել են գազի, մազութի և բենզինի գները: Ժողովրդին մտահոգում է վառելանյութի գների բարձրացումը, ինչը ջեռուցման խնդիրների առջև կկանգնեցնի ձմռանը:
Ինչ վերաբերում է քաղաքում ընթացող բախումներին, աղբյուրը տեղեկացրեց, որ որոշ շրջաններում իրավիճակը հանգիստ է, որոշներում բախումները շարունակվում են: Հայաշատ Նոր Գյուղ թաղամասում վերջերս իրավիճակն ավելի հանգիստ է, չնայած երբեմն ռումբեր են ընկնում: Բնակիչները շարունակում են անորոշության և վախի զգացումով ապրել:
Հացի սուր տագնապ քաղաքում չի նկատվում, այժմ ավելի հեշտ է հաց ձեռք բերել: