tert.am -= ՀՀ փաստաբանների պալատը և Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակն այսօր ներկայացրին Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար նախատեսված «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկը»:

«Հուսով ենք, որ այս ձեռնարկը կնպաստի տեղահանման հետ կապված դժվարությունները մեղմելուն և կվերածվի օգտակար գործիքի Սիրիայից տեղահանված անձանց համար՝ Հայաստանի Հանրապետությունում կյանքը կազմակերպելու իմաստով»,- հանդես գալով ողջույնի խոսքով՝ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան: Նա նշեց նաև, թե ծրագրի գաղափարը ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանինն է:

Խոսելով ծրագրի մասին՝ Զինավոր Մեղրյանը տեղեկացրեց, որ այն սկսվել է փետրվար ամսից, կոչվում է «Սիրիահայերին իրավական աջակցություն» փաստաբանական ծրագիր, որն ունեցել է երկու փուլ:

«Առաջին փուլում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում այն սիրիահայերին, որոնք դրա կարիքն ունեն: Երկրորդ փուլով ամփոփվում էին այդ բոլոր հարցերը, ինչպես նաև որոշակի ուսումնասիրությունների արդյունքում հաճախ տրվող հարցերի վերաբերյալ ձևավորվում էր ձեռնարկ»,- նշեց Մեղրյանը՝ շարունակելով. «Թեպետ փաստաբանների պալատի շենքում դեռևս շարունակվում են խորհրդատվական աշխատանքները, սակայն առաջին փուլն, այսպես ասած, ավարտելուց հետո, հուրախություն մեզ ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակից դիմեցին մեզ, որ ցանկանում են ձեռնարկի տպագրության հարցում աջակցել: Միասին ամփոփեցինք հարցերը և այսօր արդեն ունենք տպագրված ձեռնարկ՝ արևմտահայերեն, արևելահայերեն, արաբերեն և անգլերեն»:

Զինավոր Մեղրյանն ասաց, որ սիրիահայերի կողմից տրվող հարցերը տարբեր են՝ բիզնես ոլորտ, քաղաքացիություն, անշարժ գույք, այսինքն՝ այն հարցերը, որոնք հետաքրքրում են ՀՀ քաղաքացիներին, հետաքրքրում են և նրանց:

Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե շատ են դժգոհությունները հարկային դաշտից, Զինավոր Մեղրյանն ասաց. «Իհարկե՛, բողոքում են հարկային դաշտից, ուղղակի այն ցանկությունները, որ իրենք ունեն, իրականացման իմաստով մի քիչ խրթին է: Նրանք հատուկ ռեժիմի սահմանում են ուզում, բայց դա բավականաչափ բարդ է, պետք է հասկանալ, որ տեղացիները նույնպես շատ խնդիրներ ունեն և այդ ֆոնին փորձում ենք հենց դա բացատրել»:

Նա նշեց նաև, թե եղել են բազմաթիվ բողոքներ, որոնք իրենք ստացել են սիրիահայերից և փորձել դրանց լուծումներ տալ, սակայն ընդգծեց նաև, թե որպես երևանցի, ով ամեն օր շրջում է Երևանի փողոցներում, շատ հաճախ հանդիպում է սիրիահայերի արդեն կայացած բիզնեսների՝ սրճարաններ, փոքրիկ ճաշարաններ և այլն: «Եթե մի կողմից գրասենյակում հանդիպում ենք չհաջողած կամ խնդիրներ ունեցող սիրիահայ գործարարների, մյուս կողմից էլ՝ գրասենյակից դուրս տեսնում եմ հաջողակների»,- ընդգծեց Զինավոր Մեղրյանը: