lragir.am – «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը Նոր Հալեպ թաղամասի կառուցման համար 254 նամակ է ուղարկել Սփյուռքի մեծահարուստներին ու կազմակերպություններին՝ կոչ անելով ներդրումներ կատարել ծրագրի իրագործման համար: Նամակներից միայն երկուսն են պատասխան ստացել, այն էլ բացասական: Ավելի քան մեկ տարի Սփյուռքից ոչ մի լումա չի հատկացվել այս ծրագրի համար: Ծրագիրը ձախողվել է, քանի որ հերթագրված սիրիահայ ընտանիքներն էլ իրենց հերթին չեն ցանկացել պայմանագրեր կնքել:
Խնդրի շուրջ Lragir.am-ը զրուցեց Լենա Հալաջյանի հետ:
-Տիկին Հալաջյան, ի՞նչն է պատճառը, որ Նոր Հալեպ թաղամասի կառուցումն իրականություն չի դառնում:
-Նոր Հալեպ թաղամասի կառուցման համար պետությունը հողատարածք է տրամադրել, որ գրանցվեց մեր կազմակերպության անունով: Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Համահայկական ճարտարապետական ասոցիացիան համապատասխան աշխատանքներն արեց: Ծրագիրը մեկնարկել էր, բայց մեզ գումար էր պետք, թեկուզ սկզբի համար փոքր գումար, որպեսզի կարողանայինք շենք առ շենք առաջ տանել աշխատանքները: Մենք ունենք 672 սիրիահայ ընտանիք, որոնք դիմել են թաղամասում բնակարան ստանալու համար: Դիմումում կա հատված, որտեղ դիմողը պետք է նշի, թե որքան գումար կներդնի բնակարանի համար: Հենց առաջին օրվանից պարզ է եղել, որ դա սոցիալական ծրագիր չէ, այսինքն՝ այդ բնակարաններն անվճար չպետք է ստանային:
Սիրիահայերը գիտեին այդ մասին, 672 դիմողների կողմից խոստացված գումարը եթե հավաքվեր, ավելի քան 15 մլն դոլար գումար կկազմեր: Մենք զանգահարեցինք բոլորին, որպեսզի գան նոտարով հաստատված պայմանագրեր կնքեն: Մտածելով, որ կարող է անվստահության խնդիր լինի, թե ում նկատմամբ, դա այլ հարց է, պայմանագրում կետ ավելացրեցինք, ըստ որի՝ տվյալ անձը կարող էր իր վճարած գումարները ցանկացած պահի հետ ստանալ դիմումը ներկայացնելու մինչև 30-օրյա ժամկետում:
Նրանց իրավունքները լրիվ պաշտպանված էին: Երբ մենք դիմեցինք, որպեսզի գան ու նոտարով հաստատված պայմանագիր կնքեն, այս ընտանիքներից ոչ մեկը չեկավ: Պատճառները մի քանիսն են՝ որոշ բացատրություններ հասկանալի են մեզ համար, ոմանք հույս ունեն, որ կգնան Սիրիա, իրենց այնտեղի ունեցվածքը կվաճառեն, նոր կգան այստեղ ունեցվածք կհիմնեն: Ոմանց խնայողություններն արդեն սպառվել են, ամեն ընտանիք իր պատճառաբանությունն ունի, ընդհանրական պատճառ չկա մեզ համար: Կամ միգուցե իրենք հույս ունեին, որ այդ բնակարաններն անվճար կստանային, եթե Սփյուռքից մեծ աջակցություն լիներ: Մենք մտածեցինք դիմել կառավարությանը, որպեսզի գոնե մեկ շենքի կառուցման համար ֆինանսավորում հատկացնի, հետո մենք շարունակենք: Բայց չկարողացանք, որովհետև եթե դիմեինք, կառավարությունը պետք է մեզ հարցներ՝ քանի՞ կնքված պայմանագիր ունեք:
Ես սա չեմ ընդունում որպեսզ ձախողում, որովհետև կամքի հետ կապված հարց է: Ես կանվանեմ աջակցության պակաս, ազգովի նմանօրինակ ծրագրերի իրականացման հեռանկար չունենք: Նմանօրինակ ծրագրերն են, որ պետք է ճգնաժամի ենթարկված ազգի զավակներին փրկեն: Եթե մենք քարոզում ենք հայրենադարձություն, ներգաղթ, պետք է նման նախագծեր անենք: Այս ընտանիքներն արդեն այստեղ են, շատ հեշտ է իրենց փոքր-ինչ աջակցելով՝ հաստատել այստեղ: Սա համայնք է, որը կարողացել է 100 տարի առանց պետականություն ունենալու զարգանալ ու հարգված համայնք դառնալ արաբական աշխարհում:
-Անդրադառնանք Սփյուռքին, ի՞նչ նամակներ ուղարկեցիք Սփյուռք և ի՞նչ արձագանքներ եղան:
– Հասկանալով, որ չենք կարող սիրիահայերի գումարներով այս ծրագիրն սկսել, պետք է Սփյուռքի աջակցությունը, նամակներ ուղարկեցինք Սփյուռք: Մինչև այսօր շուրջ 160 հազար դոլար է հավաքվել ծրագրի համար, դա բացառապես հատկացրել են հայաստանաբնակ հայերը: Մենք 254 նամակներով դիմեցինք աշխարհի տարբեր տարածաշրջանների հայկական Սփյուռքի կազմակերպություններին ու բարեգործներին, սակայն ոչ մի դրական պատասխան: Ընդամենը երկու պատասխան ստացանք, երկուսն էլ բացասական: Դիմել ենք աշխարհի 24 եկեղեցական թեմեր, դարձյալ որևէ աջակցություն չեղավ: Թող տպավորություն չստեղծվի, թե ես գովազդում են Նոր Հալեպ ծրագիրը, մեր կազմակերպության մտահոգությունը սիրիահայերի բնակարանների խնդիրը լուծելն է: Իմ և իմ գործընկերների ակնկալիքները մեծ էին հատկապես եկեղեցուց: Ի՞նչն էր խանգարում, որ եկեղեցու թեմերը, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ապաստան տրամադրեին սիրիահայ ընտանիքներին: Դարեր շարունակ պետությունը պահել է եկեղեցին, այսօր հերթն է, որպեսզի եկեղեցին պահի ժողովրդին:
– Չե՞ք կարծում, որ խնդիրը Հայաստանի իշխանություններն են, որ սփյուռքահայերը վստահություն չունեն, չեն ցանկանում գումար ուղարկել Հայաստան:
-Ես չեմ բացառում այդ տարբերակը: Այդ պատճառով, երբ մեր կազմակերպությունը ստեղծվեց, պետությունն այդ բոլոր աշխատանքները հանձնեց մեզ: Միգուցե իրենք էլ հենց նույն մտավախությունն ունեին, այդ պատճառով էլ հողը գրանցվեց մեր կազմակերպության անունով, գումարները մենք ենք տնօրինում: Ես դա ներկայացրել եմ բոլոր նամակներում՝ հայերեն և անգլերեն լեզվով: Ծրագրի մանրամասները նկարներով և բանկային հաշվեհամարները ուղարկել ենք: Եթե աշխատանքների մեկնարկի գումարները հավաքվեին, պետք է կազմեին շինարարական հանձնախումբ, որը նույնպես պետք է բաղկացած լիներ սիրիահայ ճարտարապետներից և այլ մասնագետներից, որպեսզի ծրագիրը տնօրինեին: Անկեղծ ասած, Սփյուռքից նման մոտեցում չէինք ակնկալում: Մենք լավ գիտենք, որ այսօր Ամերիկայում խաչքար տեղադրելու համար որոշ սփյուռքահայ ընտանիքները 20 հազար դոլար են հատկացնում: Թող տեղադրեն, դա վատ բան չէ, բայց կարող էին այստեղ բնակարան գնել, որպես իրենց սեփականություն պահել, բայց որոշ ժամկետով տրամադրել սիրիահայ ընտանիքներին, մինչև մարդիկ ոտքի կկանգնեին:
-Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների գլխավոր խնդիրները որո՞նք են և որո՞նք է լուծել Հայաստանի կառավարությունը:
-Ի սկզբանե, մենք առանձնացրել էինք հինգ հիմնախնդիր: Առաջին խումբ հիմնախնդիրը փաստաթղթերի, անձնագրերի, վիզաների խնդիրն էր: Պետությունը դա արագ լուծեց: Երկրորդ հիմնախնդիրը կրթական հարցերն էին, որը նույնպես արդեն երրորդ տարին է՝ պետությունը լուծել է: Երրորդ խնդիրը առողջապահական խնդիրն է, որը նույնպես լուծվում է: Սիրիահայերը պոլիկլինիկաներում անվճար են սպասարկվում, պետությունը մասամբ հոգում է նաև սրտի բարդ վիրահատությունների գումարը: Գումարի 2/3 մասը պետությունն է հատկացնում, 1/3-ը՝ բարեգործական կազմակերպությունները: Չորրորդ հիմնախնդիրը աշխատանքն է, բավական թվով փոքր ու միջին բիզնեսներ են հիմնվել՝ սիրիահայերին հատկացված բիզնես վարկերի շնորհիվ: Աշխատանքի տեղավորման հարցում աջակցություն է ցուցաբերվում սիրիահայերին: Աշխատանքի տեղավորման հարցում սիրիահայերը մի փոքր ուշացան: Նրանք հույս ունեին, որ շուտով հետ են վերադառնալու Սիրիա, ունեին խնայողություններ, չէին շտապում այստեղ աշխատանքի տեղավորվել: Այսօր, սակայն, վերադարձի հույսը թեև 100 տոկոսով չի վերացել, բայց շատերի համար շատ հեռու է թվում:
Հինգերորդ խնդիրը բնակարանային խնդիրն է: Պետք է իրատես լինենք, Հայաստանն այն երկիրը չէ, որպեսզի հարզարավոր փախստականներ կամ ներգաղթյալներ ընդունի: Պետք է իրատես լինենք, որ Հայաստանում այսօր հենց հայաստանցիներն են շատ դժվար ապրում: Ես պատճառների մեջ չեմ ուզում խորանալ, դա բոլորիս համար էլ պարզ է: Չեմ ուզում խոսել այդ պատճառների մասին, որ հարցին քաղաքական բնույթ չհաղորդեմ: Իմ համոզմամբ՝ կառավարությունն ավելին կաներ, եթե Նոր Հալեպ թաղամասի համար մենք ունենայինք կնքված պայմանագրեր: Եթե չկա պայմանագիր, ո՞ւմ համար կառուցեն:
-Այսինքն՝ այս հարցում մեղադրում եք նաև սիրիահայերի՞ն:
-Այո, ինչ-որ իմաստով իրենց եմ մեղադրում: Գնդակն իրենց դարպասում էր: Ոմանք այսօր ասում են՝ թաղամասի համար ընտրված տարածքը՝ Աշտարակը հեռու է Երևանից, ինչո՞ւ հողատարածքը Երևանում չէ, կենտրոնում չէ: Որքանո՞վ ճիշտ կլիներ, եթե որևէ մեկը մտածեր, որ կառավարությունը կենտրոնում տարածք է տալու սիրիահայերին:
http://www.lragir.am/index/arm/0/interview/view/105062