ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի «Գյուլբենկյան» ազգային վարժարանն ընդունել է «Զավարյան», «Սահակյան», «Հայկազյան և «Գյուլբենկյան» ազգային վարժարանների մանկապարտեզների երեխաներին: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Երեխաներն այնտեղ էին հավաքվել իրենց ծնողների, հարազատների և ուսուչական կազմի հետ: Ներկաները մոտ տոնական տրամադրություն ունեին, վարժարանի մուտքը զարդարված էր փուչիկներով: Վերամուտի ուրախ մթնոլորտով բոլոր փոքրիկները ծնողների ուղեկցությամբ ուղևորվել են իրենց դասասենյակներ՝ սկսելու ուսումնական 2014-15 տարին:

Սիրիայի պատերազմական իրավիճակի և մասնավորապես Հալեպի անապահով վիճակի պատճառով նախորդ երկու տարիների նման, այս տարի ևս Ազգային վարչությունը դպրոցների հոգաբարձուների և տնօրինության հետ անհրաժեշտ աշխատանքներ է տարել, որպեսզի ազգային վարժարաններրն իրենց ուսումնական տարին սկսեն Ազգային «Գյուլբենկյան» վարժարանում:

Առաջին օրվա պատկերն արտացոլում էր նախորդ տարիների իրողությունը, այդուհանդերձ, հայ դպրոցը շարունակում է սերնդեսերունդ դաստիարակելու իր առաքելությունը և ջանք չի խնայում հայ մանուկներին ուրախ և երջանիկ պահելու համար:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, Հալեպում և Սիրիայի բոլոր դպրոցներում մեկնարկել էր նոր ուսումնական տարին: