ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում Սուլեյմանիեի ազգային Գյուլբենկյան վարժարանում, որտեղ համախմբվել էին «Քարեն Եփփե» Ազգային ճեմարանի, Ազգային Զավարյան, Ազգային Սահակյան, Ազգային Հայկազյան և Ազգային Գյուլբենկյան նախակրթարանների աշակերտները, սեպտեմբերի 15-ին հնչել է առաջին զանգը: Հաջող և արդյունավետ տարեմուտ սկսելու հույսով սկսվել են դասավանդումը«Քարեն Եփփե» ազգային ճեմարանում և նախակրթարանների վերամուտը: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ Բերիո Լուրեր ֆեյսբուքյան էջից:
Վարժարանում ջերմ մթնոլորտ էր տիրում: Բացման արարողությունը կատարել է Տեր Զարեհ քահանա Շաքարյանը: Քահանան իր խոսքում շեշտել է հայ դպրոցի կարևորությունը՝ նշելով, որ մեր ինքնության պահպանումը սկսվում է հայոց լեզվի, հայոց մշակույթի և հայկական արժեքների փոխանցումով: Նա բոլորին բարի վերամուտ, անփորձանք ու խաղաղ տարեշրջան է մաղթել: Վարժարանների բացման արարողությանը ներկա են եղել Բերիո թեմի ազգային վարչության ներկայացուցիչը, ծնողներ, ուսուցիչներ, վարժարանների հոգաբարձության անդամներ:
Սիրիայի պատերազմական վիճակի և մասնավորապես Հալեպի անապահով վիճակի պատճառով նախորդ երկու տարվա նման այս տարի ևս Ազգային վարչությունը, դպրոցների հոգաբարձուների և տնօրինության հետ անհրաժեշտ տնօրինություններ կատարելով, ազգային վարժարաններն իրենց ուսումնական տարին սկսել են ազգ. Գյուլբենկյան վարժարանում:
Մանկապարտեզները կբացվեն սեպտեմբերի 22-ին: