ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն օգնության ձեռք է մեկնել հանգամանքների բերումով հայրենիք տեղափոխված ավելի քան 7,000 սիրիահայերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ամերիկյան հեղինակավոր USA today պարբերականն անդրադարձել է այն մարտահրավերներին, որոնց բախվում են Հայաստանում հաստատված սիրիահայերը և որոնք առաջ են գալիս հենց Հայաստանում:
«Սիրիահայեր են ժամանում ամեն շաբաթ: Սա մարտահրավեր է նաև Հայաստանի համար, քանի որ մեր տնտեսությունն ամենաուժեղներից չէ: Բայց մենք փորձում ենք նրանց համար անել մեզանից կախված ամեն ինչ»», – ասել է ՀՀ սփյուռքի նախարարության սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Պարբերականն ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունները տարբեր ուղիներ են փորձում գտնել` օգնելու Սիրիայից ժամանած հայությանը, որպեսզի նրանք հնարավորին չափ արագ հարմարվեն նոր պայմաններին: Հայաստանն արդեն Սիրիայից ժամանող հայերի համար պարզեցրել է վիզային գործընթացը: Բացի այդ` հանրապետությունում տարրական դպրոց է ստեղծվել, որտեղ սիրիահայ երեխաներն արաբերեն լեզվով և իրենց ծանոթ ուսումնական ծրագրով ուսանելու հնարավորություն ունեն:
Նման կրթօջախներից է Կիլիկյան դպրոցը Երևանում, որը ֆինանսավորվում է ՀՀ Գիտության և կրթության, Սփյուռքի նախարարությունների, ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների կողմից: Դպրոցն ունի 300 աշակերտ եւ 16 նոր ուսուցիչներ: «Սկզբնական շրջանում երեխաները դժվարությամբ էին հարմարվում նոր պայմաններին: Իհարկե, նրանք կարոտում են իրենց տները, հարազատներին եւ իրենց խաղալիքները, սակայն աստիճանաբար ընտելանում են իրենց նոր կյանքին Հայաստանում», – ասել է Կիլիկյան դպրոցի տնօրեն Նորա Փիլիպոսյանը:
Սարգիս Ռշտունին այն բազմաթիվ հայերից է, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տունը Հալեպում: Մինչ օրս նա չի կարողանում իր հիշողությունից ջնջել այն տեսարանները, որոնց ականատեսն էր դարձել ինքը:
«Ընկերոջս հետ էի, երբ կրակոցների ձայն լսեցինք: Ամեն ինչ շատ արագ կատարվեց. վարկյան առ վարկյան կրակոցների ձայնը մոտենում էր: Ամենուր կրակոցներ էին, մարդիկ խուճապահար փախչում էին»,- պատմել է Ռշտունին:
Սիրիայում բնակվող հայ համայնքի շուրջ 80 տոկոսի համար Հալեպը հայրենի քաղաք է: Նրանք, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, դեռ մնացել են այնտեղ, շարունակում են գտնվել պատերազմական գործողություննների կիզակետում: Հալեպի բնակչությունը ստիպված է գոյատևել սննդի, դեղորայքի, էլեկտրականության սուղ և թերևս վերջին երկու տասնամյակների ամենացուրտ ձմռան պայմաններում:
Պարբերականը նկատել է, որ Սիրայից ժամանած հայությունը հիմնականում մայրաքաղաք Երևանում է բնակվում, սակայն նրանց մի մասն էլ հաստատվել է մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Երեսնամյա Վարդան Պողոսյանը, ով իր ընտանիքի հետ ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղում, նշել է, որ իր երազանքն եղել գալ Հայաստան, «այնուամենայնիվ, այսօր ստիպված է վերակառուցել իր կյանքը»:
«Ես ուզում եմ մնալ այստեղ», – ասել է Պողոսյանը, ով ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելու համար քննությունը հանձնել է ամռանը: «Կյանքն այստեղ դժվար է: Աշխատանքային փոքր հնարավորություններ կան, եւ ամեն ինչ թանկ է, բայց ես ուզում եմ գտնել լրացուցիչ աշխատանք, օգնել ինքս ինձ` մնալ եւ ապրել բարեկեցիկ կյանքով», – հավելել է նա:
Ամերիկյան հեղինակավոր USA today պարբերականի փոխանցմամբ` մոտ երկու տարի առաջ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով Սիրիայից ավելի քան երկու մլն մարդ ներքին միգրացայի է դիմել, իսկ ավելի քան 650,000-ը ապաստան են գտել արտերկրում` Թուրքիայում, Լիբանանում եւ Հորդանանում: