20130213-DamascusԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումներին` Դամասկոսի հայկական համայնքը մեծ շուքով նշել է Տյառնընդառաջի արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դամասկոսի ազգային առաջնորդարանի մամլո դիվանից, փետրվարի 13-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Տյառնընդառաջի նախատոնական արարողությունը:

Հանդիսավոր ժամերգությունից հետո թեմի առաջնորդ Տեր Արշամ Սուրբ եպիսկոպոս Նալբանդյանն իր քարոզով հավատացյալներին է ներկայացրել Տյառնընդառաջի խորհուրդը եւ դրա հետ կապված ժողովրդական սովորույթներն ու ավանդույթները: Տեղի է ունեցել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հաստատված եւ ավանդական դարձած՝ նորապսակների օրհնության կարգը: Սրբազան հայրը եւս մեկ անգամ նորապսակներին իր հայրական պատգամով հիշեցրել է ամուսնական կյանքի սրբության մասին եւ անդրադարձել է այժմյան կյանքի դժվարություններին ու դրանց դիմագրավելու միջոցներին:

Արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել նախապես պատրաստված խարույկը վառելու հանդիսավոր արարողությունը, երբ Սրբազան հայրը նորապսակ զույգերի ուղեկցությամբ եկեղեցու Սուրբ խորանից բերված կրակով վառել է ավանդական կրակը:

Նորածին մանուկների` տաճար ընծայման արարողությունները կատարել են թեմի քահանա հայրերը: