life.panorama.am – «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունն արդեն տևական ժամանակ է աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գտնվող սիրիահայերին: Իրականացվող աշխատանքի վերաբերյալ Life.panorama.am-ը զրուցել է կազմակերպության իրավաբան Նաիրա Եդիգարյանի հետ:
-Տիկին Եդիգարյան, ձեզ մոտ քանի՞ սիրիահայ է հաշվառված և նրանք ինչպիսի՞ աջակցության կարիք ունեն:
-Ասեմ, որ 6 հազարից ավելի անձ կամ 2 հազար 200 ընտանիք շահառու ունենք, որից 18-ը քեսաբահայ ընտանիքներ են: Նրանց համար առաջնահերթություն է համարվում բնակարանային խնդիրը, այնուհետև աշխատանքի հարցը, պարզ է, որ առանց դրա հնարավոր չէ գոյատևել: Դրանից հետո գալիս են կենցաղային ամենօրյա հարցերը՝ այն է՝ սնունդ, լայն սպառման ապրանքներ, հիգիենայի պարագաներ, հագուստ, դեղորայք և այլն:
-Տրամադրվող աջակցությունն ի՞նչ ձևաչափով է իրականացվում:
-Իրենք դիմում են մեզ, իսկ մենք տրամադրում ենք դիմումի ձևը, որտեղ նշում են, թե ինչի կարիք ունեն: Կլինի պարենային ապրանք, թե դեղորայք, հագուստ թե ուսման վարձավճար: Բայց մենք միևնույն է վերջնական դրա վրա չենք հիմնվում,որովհետև մարդն այսօր չունի պարենի խնդիր սակայն վաղը կարող է ունենալ, ինքը հաշվարկել էր, թե 2 ամսից խաղաղություն է լինելու և վերադառնալու է: Այսինքն՝ երեկվա ոչ կարիքավորն, այսօր կարող է դառնալ կարիքավոր: Աշխատակազմում մենք բոլորս սիրիահայեր ենք, ընդհանուր իրար ճանաչում ենք, գիտենք, թե այնտեղ ով ինչ կարողություն ուներ, բայց դա նեղ անձնական հարց է և չենք կարող հետաքրքրվել, իմանալ գրպանի պարունակությունը: Չնայած կան չնչին տոկոս չարաշահումներ, բայց հիմնականում մենք հիմնվում ենք իրենց խոսքի վրա, եթե բարեկեցության մասին տեղեկատվություն չկա:
-Դուք աջակցությունը գումարայի՞ն տեսքով եք տրամադրում, թե այլ ձևով եք օգնությունը տեղ հասցնում:
-Գումարային օգնությունը հիմնականում տրվում է հիվանդությունների դեպքում, մասնավորապես, քիմիաթերապիայի կուրս անցնելու և սրտի վիրահատությունների, և, որպես կանոն, փոխանցվում է: Առավել կարիքավորներին տրվում են կտրոններ սննդամթերք գնելու համար: Քանի որ մենք ոչ առևտրային կազմակերպություն ենք, բնականաբար չունենք գումարի գոյացման աղբյուր: Մենք ծրագրեր ենք իրականացնում դոնորների կողմից տրամադրված միջոցներով, հետևաբար, երբեմն հենց նրանք են ընտրում օգնության բնույթը: Այսինքն՝ մենք միջնորդ ենք դառնում մարդկանց և պետության, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների միջև: Մենք ունենք մեր գործընկերների ցանկը և, ըստ տվյալ անձի խնդրի էլ, նրան ուղղորդում ենք: Եթե տան վարձի հարց է, ապա ուղղորդում ենք «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն, որովհետև ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը ծրագիրն իրականացնում է այդ կազմակերպության հետ: ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ իրականացնում ենք «Պարենի համաշխարհային ծրագիր»-ը, որի շրջանակներում 5000 մարդ յուրաքանչյուր ամիս ստանում է 14 կգ հիմնական օգտագործման սննդամթերք`ձեթ, մակարոն, ոլոռ, հնդկաձավար, բրինձ: Ծրագիրը 6-անգամյա է, 3 փուլն արդեն իրականացվել է: Ուսանողներին նույնպես աջակցում ենք: Մասնավորապես նախորդ տարի 285, այս տարի 410 ուսանողի ուսման վարձն է փոխհատուցվել: Նախորդ տարի փոխհատուցվել է 100 տոկոսով, իսկ այս տարի, որ դիմումները շատ էին՝ 75 տոկոսով: Ընդգծեմ, որ տարբեր կազմակերպություններ,պարզապես անհատներ զանգահարում են և աջակցություն առաջարկվում:
-Եթե առողջական խնդիրներ են լինում, այդ դեպքում ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում:
-Նախ ասեմ, որ շաբաթ օրերը սիրիահայ բժիշկները գալիս են մեր կազմակերպություն և անվճար սպասարկում սիրիահայերին: Մեզ մոտ լինում է մաշկաբանը, մանկաբույժը, սրտաբանը, գինեկոլոգը, թերապևտը: Բժիշկը նրանց զննելուց հետո գրում է դեղագիր, ուղղորդում ենք «Առաքելություն Հայաստան», որը նախատեսել է տարեկան 200 հազար դրամ գումար, հիմնական օգտագործման՝ ճնշման սրտի և այլ դեղերն անվճար տրամադրելու համար: Վիրահատությունների դեպքում «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ն էր միջոցներ տրամադրում, հատկապես սրտի վիրահատության համար: Հիմա գումարը սպառվել է և հիմնադրամը փոխանցում է վիրահատության համար անհրաժեշտ գումարի մի մասը, մյուս մասը հավաքվում է՝ համագործակցելով տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ, այդ թվում «Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը», Հայ բարեգործական ընդհանուր միությունը: 360 հազարն էլ պետպատվերի շրջանակում է տրամադրվում: Ասեմ, որ պոլիկլինիկայի ծառայություններից ինչպես տեղաբնակները, այնպես էլ սիրիահայերը հավասար օգտվում են: Բացի այդ, «Վիենա Վիժն սենթր»-ն առաջարկեց սիրիահայերին տրամադրել օպտիկական ակնոցներ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում, 250 մարդ արդեն ստացել է ակնոց, իսկ 90-ն արդեն ցուցակագրվել է երրորդ փուլի համար:
-Նշեցիք, որ աշխատանք փնտրելու հարցը սիրիահայերի համար առաջնայիններից է, այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:
-Այդ հարցում համագործակցում ենք «Զբաղվածության պետական ծառայության» հետ: Դրանից բացի մեզ դիմում են տարբեր գործատուները և հայտնում, թե ինչ թափուր աշխատատեղեր ունեն: Օրեր առաջ մեզ դիմել էին՝ ասելով, որ նոր բացվող սննդի արագ սպասարկման կետում աշխատողներ է պահանջվում, մենք էլ ուղղորդեցինք: Աշխատանքի տեղավորման առումով շարժ կա: Սկզբում գործատուները մտավախություն ունեին սիրիահայերին աշխատանքի վերցնելու հարցում, հիմա գալիս խնդրում են, որովհետև սիրիահայերը բավական աշխատասեր բարեխիղճ ժողովուրդ են:
-Վերջին օրերին շատ խոսվեց «Նոր Հալեպ» ծրագրի մասին, ի վերջո ո՞րն է խնդիրը:
-Ծրագրի հետ կապված թյուրըմբռնում է տեղի ունեցել: Սիրահայերին առաջարկվել են տարածքներ Մասիսում, Էջմիածնում և Աշտարակում: Առավել ակտիվ սիրիահայերից կազմված 20 հոգանոց խումբը որոշեց ընտրել Աշտարակը, ասեմ, որ բոլորը հիացած էին: Դա հաստատվելուց հետո նոր ստացել ենք 660 դիմում: Իսկ դիմումի ձևը չի փոխվել, այնտեղ եղել է կետ գումարային ներդրման մասին, 3 թվերից գոնե մեկի առջև նրանք նշում են կատարել: Ճիշտ չէ, որ ասում են, թե սոցիալական բնակարաններ են լինելու, ի սկզաբանե որպես սոցիալական բնակարան նախատեսված չի եղել, սա սեփականության իրավունքի վկայականով է տրամադրվելու է սիրիահայերին: Հիմա և բարեգործների փնտրման գործն է և սիրահայերն իրենք չեն ցանկանում, կամ չեն կարողանում ներդրում կատարել: Ծրագիրը դեռ չի մեկնարկել միայն երկրաբանական ուսումնասիրությունն է կատարված:
-Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, այսօր սիրիահայերի ինչպիսի՞ հոսք է նկատվում:
-Հիմնականում գրեթե նույնն է, այս տարի հունիսին սկսվեց հոսք, նոր եկածներ են մեզ դիմում: Մինչև հունիս քիչ էր, որովհետև դպրոցական տարեշրջանի հետ էր պայմանավորված: Հիմա նորից գալիս են, իսկ գնացողները շատ քիչ են: Ավելի շատ խոսակցություններ են, թե սիրիահայերը գնում են, քան իրական պատկերն է:
-Իսկ Քեսաբն ազատագրվելուց հետո, քեսաբահայերի շրջանում վերադարձողներ դեռ չկա՞ն:
-Ազատագրումից դեռ երկար ժամանակ չի անցել, իրենք առայժմ այստեղ են: Բայց որ կվերադառնան, դա հաստատ է: Իրենք բավական խորն են կպած իրենց արմատներին, որովհետև Քեսաբը մեր պատմական հայրենիքի մի մասնիկն է: Դեռ սպասում են, որ այնտեղ վիճակը կայունանա: Կարծում եմ, Հալեպում նույնպես վիճակը կայունանալուց հետո շատերը գուցե վերադառնան, որովհետև տան գաղափարը կանչում է:
05/07/2014