tert.am – Հալեպի տարբեր շրջաններում բախումները շարունակվում են։ Սիրիական բանակը վերջին մի քանի օրերին առաջընթաց է արձանագրել Հալեպում և շրջակայքի որոշ գյուղերում։ Կառավարական զորքը ռազմական գործողություններ է իրականացրել՝ ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում։
Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, մարտեր են ընթանում Հալեպի Շըղեյեֆ, Թել Շհիր, Պապիս, Շեյխ Սայիտ, Հրեյթան, Հանանո, Քաֆար Դաել, Դարեթ Ըզզեթ, Դեր Ժամալ, Հեդարիյե, Քաֆար Համրա, Խան Ասալ, Հոլլուք, Ֆերդուս, Ռաշիդին և այլ շրջաններում։
Բախումներ են ընթանում նաև Զըրբե, Քաֆար Նահա, Քեշիշ, ՀՐեյթան, Մարեհ գյուղերում։
Սիրիական զորքը կասեցրել է զինյալների՝ Հին Հալեպից դեպի Հալեպ քաղաքի Ալմաշրֆիյե շրջան մուտքը։ Բախումների հետևանքով բազմաթիվ ահաբեկիչներ են սպանվել։
Հալեպի հայահոծ շրջաններում թեև ծանր դեպքեր չեն արձանագրվում, սակայն լսելի են շրջակայքի հրթիռակոծությունների ձայները։
Մի քանի օր առաջ սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Շեյխ Նաժար շրջանը, որ գործարանային շրջան է համարվում և մեծ նշանակություն ունի Հալեպի ճարտարապետության համար։ Շեյխ Նաժարում գործարաններ ունեն նաև բազմաթիվ հայեր։
Շեյխ Նաժարը բախումների պատճառով լուրջ վնասներ էր կրել, քանդվել են գործարաններ, արտադրական կենտրոններ։ Դրանք կամ ավերվել, կամ ամբողջությամբ կողոպտվել են։ Այդ պատճառով բազմաթիվ հայեր կորցրել են միլիարդների հասնող իրենց ունեցվածքն ու կալվածքները։