ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; ՀՀ սփյուռքի նախարարությունում hունիսի 27-ին կայացել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը նշել է, որ 2013-2014թթ. ընթացքում զբաղվածության տարածքային կենտրոններում սիրիահայերի վերապատրաստման ծրջանականերում աշխատել են շուրջ 950 սիրիահայի հետ: 2013թ.-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվել է «Աջակցություն սիրիահայերի զբաղվածության խթանմանը» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ Երևանում, աշխատանքի են տեղավորվել բազմաթիվ սիրիահայեր, ինչպես նաև անցկացվել են սիրիահայերի մասնագիտական վերաորակավորումներ տարբեր մասնագիտություններով;
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայացմամբ, հայաստանյան գործատուներն օրեցօր առավել բարձր են գնահատում սիրիահայ մասնագետների, արհեստավորների մասնագիտական կարողությունները և մարդկային որակները:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ 2014-2015թթ. հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղությամբ սիրիահայ աշակերտների ընդունելությունը կազմակերպվել է ոչ միայն ուսումնական տարվա սկզբում, այլև ողջ տարվա ընթացքում, ուստի երեխաները դուրս չեն մնացել կրթական համակարգից: Հայաստանի հիմնական և ավագ դպրոցներում սովորում է շուրջ 1000 սիրիահայ երեխա:
Ավագ դպրոցների հոսքային դասարաններում աշակերտներն հնարավորություն ունեն արևմտահայերեն սովորելու:
Մեծապես կարևորելով արևմտահայերենի պահպանման խնդիրը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիրիահայերը արևմտահայերենի կրողներ են, և ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական կրթության ընթացքում նրանք պետք է ապահովվեն արևմտահայերենի ուսուցման անհրաժեշտ ծրագրերով և նյութերով»: Նախարարը առաջարկեց նաև արաբերենին լավ տիրապետող սիրիահայերի համար բացել արաբերեն թեքումով հիմնական և ավագ դպրոց:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Լևոն Սարգսյանը կարևորեց դասական ուղղագրության կանոններին տիրապետելու նպատակով դպրոցներում առնվազն մեկամսյա դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիանա Խարատյանն էլ հայտնեց, որ սիրիահայերին ցուցաբերվող պարենային աջակցության ծրագրի շրջանակներում 5 փուլով շուրջ 5000 սիրիահայեր ստացել են պարենային փաթեթ:
Սեպտեմբերին կավարտվեն սիրիահայերին ցուցաբերվող պարենային աջակցության ծրագրով նախատեսված փուլերը, սակայն տիկին Խարատյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ կարվի ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: