yerkirmedia.am – Սփյուռքի նախարարությունում այսօր տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Զեկուցվել է սիրիահայերի զբաղվածության, կրթության կազմակերպման, նաեւ ՄԱԿ-ի կողմից սիրիահայերին ցուցաբերվող պարենային աջակցության ծրագրի մասին։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիանա Խարատյանը տեղեկացրել է, որ 5 հազար սիրիահայ է օգտվում ծրագրից։ Սիրիահայերին տրվում են 18 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք 6 անուն սննդամթերք են ընդգրկում։ Ինչ վերաբերում է աշխատանքի ապահովմանը, նիստի ընթացքում նշվել է, որ շատ դեպքերում առաջարկված աշխատանքից մարդիկ հրաժարվում են ցածր աշխատավարձի պատճառով։

Նիստի ավարտից հետո “Երկիրն այսօրը” նախարար Հրանուշ Հակոբյանից ճշտել է, թե որքանո՞վ են հավաստի լուրերրը, թե դժվարություններ են առաջացել սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցման հարցում։ “Նոր Հալեպ թաղամասը նախատեսվել, նախագծվել է հենց սիրիահայերի կողմից, բայց այն գումարները, որ նրանք ունեին իրենց ձեռքին, այս պահին, այսպես ասած, ծախսել են։ Հիմա պետք է նոր գումարներ վաստակեն, դրա համար որոշ ժամանակով դա սառեցված է։

Երբ նոր գումարներ վաստակեն, խնայեն, եւ ցանկանան բնակարաններ կառուցել, թաղամասը կկառուցվի. պետությունը բոլոր պայմանները ստեղծել է։ Իսկ եթե կգտնվեն սփյուռաքայեր, որոնք կցանկանան ներդրումներ կատարաել, իսկ այդ գումարները նաեւ բացված հաշվեհամարին հավաքվում են սիրիահայերի մոտ, ծրագիրը կսկսվի։ Ոչ մի բնակարան միանգամից եւ մեկ օրում չի կառուցվում”,- ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: